Ժաննա Գալստյանը սեռական բնույթի բառերով սկսել է հայհոյել ինձ ու ստացել է նույնպիսի  պատասխան. Հայկ Խանումյանը՝ Արցախի ԱԺ նիստին տեղի ունեցած վեճի մասին (տեսանյութ)

14:28 • 28.06.18

Արցախի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը պարզաբանում է ներկայացրել լիագումար նիստում իր և պատգամավորի միջև տեղի ունեցած վեճի հետ կապված, որի ժամանակ, նրա փոխանցմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել:

«Հունիսի 28-ին Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում միջադեպ է տեղի ունեցել, այդ թվում՝ իմ մասնակցությամբ: Քննարկվում էր 2017թ.-ի բյուջեի կատարողականը: Ես ներկայացրել եմ «Վերածնունդ» խմբակցության տեսակետը: Ես դեմ եմ քվեարկել կատարողականին: Նորմալ է, որ բյուջեի կատարողականին դեմ քվեարկած ուժը խոսում է նախագահի հրաժարականի մասին, որովհետև նա այդ կառավարության ղեկավարն է, բյուջեի կատարողականի անմիջական պատասխանատուն: Սա վրդովմունք է առաջացրել ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանի մոտ, ով սեռական բնույթի բառերով սկսել է հայհոյել ինձ ու ստացել է նույնպիսի պատասխան»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում ասում է Հայկ Խանումյանը:

Նա ներողություն է խնդրել ԱԺ դահլիճում գտնվողներից, բայց նշել, որ Ժաննա Գալստյանի նման վերաբերմունքն առաջին անգամ չէ, դա նրա մոտ սովորություն է, իսկ ինքը պարզապես պատասխանել է պատգամավորին: