Նորավանի դպրոցի տնօրենն էլեկտրիկին միաժամանակ ձևակերպել է բակապահի, վառարան վառողի և պահակի հաստիքներին, յուրացրել աշխատավարձի մի մասը

16:45 • 28.06.18

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով չարաշահումներ են բացահայտվել «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Սյունիքի մարզի «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱ կազմակերպության տնօրենը 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում դպրոցի էլեկտրիկին միաժամանակ ձևակերպել է նաև դպրոցի բակապահի, վառարան վառողի և պահակի հաստիքներին և իր մոտ պահել նրա աշխատավարձի բանկային քարտը։ Պարզվել է, որ տնօրենն անձամբ բանկոմատից կանխիկացրել է գումարը և առձեռն յուրաքանչյուր ամիս էլեկտրիկին տվել 20.000 դրամ, իսկ մնացած մասը՝ յուրացրել:

Բացի այդ, իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է, որ տնօրենը խոշոր չափերով գումարը յուրացնելու հանգամանքը թաքցնելու նպատակով աշխատանքային պայմանագրի մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ՝ ստորագրված աշխատանքային պայմանագրի ժամկետների վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: