USAID-ի ղեկավարը խոստացել է շարունակել Արցախի ականազերծման ուղղությամբ աշխատանքները

11:26 • 28.06.18

ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության (USAID) ղեկավար Մարկ Գրինը, պատասխանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի գրավոր հարցմանը, նշել է, որ Արցախում HALO Trust կազմակերպության ականազերծման աշխատանքի շահառուների թիվը գերազանցում է 125.000-ը, և խոստացել է «ավարտել ականազերծման գործընթացը հնարավորինս արագ և ամբողջապես»: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Գրինը նշել է, որ 2017 թվականի սեպտեմբերի տվյալներով՝ HALO Trust-ն ականազերծել է Լեռնային Ղարաբաղում ականապատված գոտիների 97,6 տոկոսը:

«Մեր վերջնական նպատակն է կարողանալ ականազերծված հայտարարել Լեռնային Ղարաբաղի տարածքը: Այս աշխատանքների շահառուների թիվը գերազանցել է 125.000-ը, դրանք փրկում են կյանքեր, կանխում են վնասվածքներ, տեղացիների համար աշխատատեղեր են ստեղծում և նպաստում են տնտեսության վերականգնմանը: 2017 թվականի հոկտեմբերին USAID-ն մոտ 2,8 միլիոն դոլար է հատկացրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին, որոնք կշարունակվեն մինչև 2019 թվականի սեպտեմբեր, երբ կավարտվի HALO Trust-ի հետ համագործակցությամբ USAID-ի օգնությունն ականազերծման աշխատանքներին»,- ասել է նա:

«Մենք ողջունում ենք ղեկավար Գրինի քայլը և կոչ ենք անում նրան ընդլայնել Արցախում ԱՄՆ-ի օգնության ծրագիրը՝ աջակցություն տրամադրելու կյանքը փոխակերպող Lady Cox վերականգնողական կենտրոնի աշխատանքներին: Կյանքեր փրկելուն ուղղված օգնությամբ Ամերիկան իսկապես ներդրում է անում խաղաղության մեջ»,- ասել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը: