ԱՄՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրներին պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Քոենը կոչ է արել Անվտանգության խորհրդի երկրներին միանալ Վաշինգտոնին և պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ նրա «թշնամական պահվածքի» պատճառով, գրում է The Straits Times-ը:
Թեհրանի միջուկային գործարքին նվիրված ՄԱԿ-ի ԱԽ նիստում նա հայտարարել է, որ շատ կարևոր է հասնել նշանակալից հետևանքների «մի երկրի հետ դիմակայության ժամանակ, որը մշտապես խախտում է խորհրդի բանաձևերը»:
Քոենը հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել խորհրդի անդամների հետ՝ Իրանի ներկայացրած վտանգի դեմ քայլեր ձեռնարկելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ին: Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո:










