Հյուսիսային և Հարավային Կորեաները բանակցություններ են սկսել ավտոճանապարհները միացնելու շուրջ
ԿԺԴՀ-ն և Կորեայի Հանրապետությունը բանակցություններ են սկսել Սեուլի և Փհենյանի միջև ավտոճանապարհները միացնելու մասին, հայտնում է «Յոնհապ» գործակալությունը:
Ավտոճանապարհների միացումը թույլ կտա առանց խոչընդոտների մեքենայով Սեուլից Փհենյան ուղևորվել:
Հաղորդվում է, որ այդ հարցը քննարկվել է մոտ կես ժամ: Հարավային Կորեայի պատվիրակությունը գլխավորել է տրանսպորտի նախարարի տեղակալը, իսկ ԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ հողատարածքների և շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալը: Նշվում է, որ բանակցություններն աշխատանքային բնույթ են կրել:
Փհենյանի և Սեուլի միջև միասնական ավտոճանապարհ ստեղծելու ծրագրերը քննարկվել են դեռ 2015 թվականին, սակայն բանակցությունները դադարեցվել են Հյուսիսային Կորեայի կողմից 2016 թվականին իրականացված միջուկային փորձարկման պատճառով:










