Թուրքմենստանի 40 տարեկանից ցածր բնակիչներին արգելել են դուրս գալ երկրից. լրատվամիջոցներ
Թուրքմենստանի իշխանություններն արգելել են 40 տարեկանից ցածր քաղաքացիներին դուրս գալ երկրից: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը՝ վկայակոչելով Դաշոգուզ քաղաքի բնակիչներին:
Երկրից դուրս գալու սահմանափակման մասին նրանց հայտնել են քաղաքի միգրացիոն ծառայությունում: Լրատվամիջոցին չի հաջողվել հաստատում կամ հերքում ստանալ Թուրքմենստանի միգրացիոն ծառայությունում:
Երկրի իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարում նման սահմանափակումների մասին:
Տեղացի դիտորդների խոսքերով՝ տնտեսական ճգնաժամի պատճառով Թուրքմենստանում արտագաղթը զանգվածային բնույթ է ստացել:
«Միգրացիոն ծառայության աշխատակիցները նշել են, որ վերևից հրահանգ է ստացվել, որ մինչև 40 տարեկան ոչ մի անձ երկրից դուրս գալու թույլտվություն չստանա: Արգելքի պատճառի մասին հարցին ասել են, որ չի մնացել աշխատունակ մարդ: Ասել են, որ «եթե դուք բոլորդ գնաք, ո՞վ է աշխատելու»,- ասել է շրջանի բնակիչներից մեկը:
Կարող եք կարդալ՝
Թուրքմենստանում խռովություններ են հասունանում ճգնաժամի պատճառով. НГ










