Ամուլսարի հանքի աշխատողները փակել են դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը (տեսանյութեր, թարմացվող)
17:12
Ամուլսարի հանքի ղեկավարության և աշխատակիցների բողոքի ակցիան կազմակերպված գործողություն է ընդդեմ պետության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հանքի շահագործման դեմ պայքարի կազմակերպիչներից «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը:
«Ամուլսարի ոսկու հանքի աշխատակիցներին ղեկավարությունը կեսօրից հետո հատ-հատ զանգ է տվել և հրավիրել «Չարքենդ» կոչվող հատվածում ժողովի: Ջերմուկցի վարորդներին իրենց մեքենաներով հրավիրել են Վայք, սակայն խաչմերուկում կանգնեցրել և պահանջել են մեքենաները թողնել խաչմերուկին: Մի քանի վարորդ, նախօրոք հասկանալով, թե ինչ է կատարվում, Գնդեվազ գյուղի մոտից հետ են վերադարձել Ջերմուկ: Սա կազմակերպված գործողություն է ընդդեմ պետության»,- գրել է Վազգեն Գալստյանը:
Նա ընդգծում է, որ հանքի շահագործման դեմ պայքարողների և Ամուլսարի հանքի աշխատակիցների բողոքի ակցիաների շարժառիթները տարբեր են. «Կազմակերպության և ժողովրդի շահերի բախումը պետք է հստակ ֆիքսվի և դիտարկվի իրավունքի շրջանակներում: Բացի այդ, հանրապետական նշանակության ճանապարհը փակել է միայն հանքում աշխատող ժողովուրդը»:
14:53
«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ Ամուլսարի հանքի աշխատակիցները շարունակում են փակ պահել դեպի Ջերմուկ քաղաք գնացող ճանապարհը:
Նրանք պահանջում են բացել հանքերի ճանապարհը և թույլ տալ շարունակել շինարարական աշխատանքները:
Վազգեն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում իրավիճակը ներկայացնող տեսանյութ է տեղադրել:
14:07
Ամուլսարի հանքի աշխատողները փակել են դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը՝ պահանջելով թույլ տալ շարունակել իրենց շինարարական աշխատանքները: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը:
«Մենք այնտեց չենք գնացել, չենք միջամտել որևէ բանի, բայց հենց նոր տեղեկություն ստացանք, որ Ջերմուկից դուրս եկող մեքենաների և ցուցարարների միջև վիճաբանություն է եղել: Հանքի աշխատողները մեքենաներից մեկի ապակին կոտրել են»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ տեղի բնակիչները դեմ են Ամուլսարի հանքի հնարավոր բացմանն ու արդեն 7 օր շարունակ փակ են պահում դեպի սար տանող բոլոր հողային ճանապարները՝ խոչընդոտելով «Լիդիանի Արմենիա» ընկերության աշխատանքներին։
Այսօր Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների ակցիային զուգահեռ հանքի աշխատողներն էլ փակել են դեպի Ջերմուկ քաղաք գնացող ճանապարհը:
Նախնական տեղեկություններ էին շրջանառվում, որ «Լիդիան» ընկերությունն իր աշխատողների հետ ցանկանում է փակել միջպետական ավտոճանապարհը՝ պահանջելով թույլ տալ շարունակել իրենց շինարարական աշխատանքները, բայց հետագայում փակվեց միայն դեպի Ջերմուկ ճանապարհը:
Մանրամասները՝ տեսանյութում:










