Վիզաների ազատականացման հարցը քաղցր կոնֆետի պես բան է, որը առաջարկում է ԵՄ-ը. Ալեքսանդր Ռառ

20:34 • 05.07.18

Եվրոպական միությունը օգտագործում է վիզաների ազատականացման հարցը՝ ԵՄ ոչ անդամ-պետությունների հետ սերտ համագործակցություն պահելու համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց գերմանաբնակ հայտնի քաղաքագետ, միջազգայնագետ, ԱՊՀ երկրների՝ արտաքին քաղաքական գծով ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռառը՝ պատասխանելով այն հարցին, թե մո՞տ է արդյոք Հայաստանը վիզաների ազատականացում հաստատելուն:

«Վիզաների ազատականացման հարցը քաղցր կոնֆետի պես բան է, որը առաջարկում է Եվրամիությունը: Այն տրվում է որպես մրցանակ՝ կատարած բարեփոխումների, փոփոխությունների, քայլերի, զիջումների դիմաց»,- ասաց Ալ. Ռառը:

Նա նշեց, որ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը ԵՄ-ի հետ ստորագրել են ասոցացման մասին համաձայնագիր, որը բացի տնտեսական հարցերին ներառում է նաև անվտանգային, քաղաքական հարցեր: Իսկ Հայաստանի համար, ըստ նրա, սա բարդ հարց է, որովհետև ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, Եվրասիական տնտեսական միության մաս:

«Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը չեն եղել Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ անդամ: Ես վախենում եմ, որ Հայաստանի առջև Արևմուտքը հարց կդնի՝ կա՛մ ստորագրեք Ասոցացման մասին համաձայնագիր, դուրս եկեք ԵԱՏՄ-ից, կա՛մ մնացեք ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, բայց Արևմուտքի հետ պահեք հեռավորություն»,- ասաց նա:

Ալեքսանդր Ռառի խոսքով՝ առանց վիզային ռեժիմին հասնելու, բայց միաժամանակ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս չգալու համար Հայաստանը ստիպված կլինի երկարատև բանակցություններ վարել Եվրամիության հետ:

«Սա, ցավոք, բացառապես քաղաքականության հարց է: Պարզից էլ պարզ է, որ Եվրամիությունը վիզաների ազատականացում հաստատելու հնարավորությունը օգտագործելու է որպես գայթակղիչ մի առաջարկ՝ ԵԱՏՄ-ից դուրս բերելու համար: Հակառակ դեպքում, որպես ԵԱՏՄ երկիր, Հայաստանը պիտի պայմանավորվի, համաձայնությունների գա ԵՄ-ի հետ»,- ասաց նա: