Թաիլանդում դադարեցվել է քարանձավում շաբաթներ շարունակ թակարդված երեխաների փրկության գործողությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Թաիլանդի իշխանությունները դադարեցրել են հունիսի 23-ից երկրի հյուսիսում գտնվող Թհամ Լուանգ քարանձավային համալիրում թակարդված 12 երեխաների և նրանց մարզչի փրկարարական գործողությունը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, որոշումը պայմանավորված է տեղատարափ անձրևներով, որոնք մասամբ հեղեղել են քարանձավի նեղ անցուղիներն ու միջացնքները՝ երեխաների տարհանման գործողությունը խիստ վտանգավոր դարձնելով:
Այժմ փրկարարները ցանկանում են օպտիմալ պայմաններ ստեղծել նրանց տարհանման համար:
Մինչդեռ ria.ru-ն հավելում է, որ Թայլանդի թագավոր Մահա Վաթչիրալոնգկոնը կոչ է արել հնարավորինս շուտ երեխաներին դուրս բերել այնտեղից: Հաղորդվում է, որ միապետն ուշադիր հետևում է այս հարցի շուրջ բոլոր զարգացումներին և խիստ անհանգստացած է այն հանգամանքով, որ մոտ օրերին անձրևները կարող են ուժեղանալ՝ ավելի շատ հեղեղելով քարանձավային համալիրը:

Այժմ իշխանությունները հնարավորության սահմաններում քարանձավից դուրս են քաշում անձրևաջուրը, որպեսզի ջրի մակարդակը չբարձրանա ու չվտանգի երեխաների կյանքը:

Ներկայում փրկարարները երեխաներին տեղափոխել են քարանձավի ապահով վայրերից մեկը՝ սպասելով փորձառու լողորդների ու ջրասուզորդների խմբի ժամանմանը:

Հայտնի է, որ երեխաները գտնվում են ստորգետնյա համալիրի գլխավոր մուտքից 6 կմ հեռավորության վրա:
Փրկարարական գործողությունը կապված է մեծ բարդությունների հետ, քանի որ ջրի տակ շնչելու մեխանիկական սարքից օգտվել չկարողացող ու լողալ չիմացող երեխաները ստիպված կլինեն արհեստավարժ ջրասուզորդների, Թաիլանդի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ռազմական լողորդների հետ կտրել-անցնել ամբողջությամբ ջրի մեջ գտնվող մեծ տարածքներ, մի կերպ անցնել քարանձավի նեղ միջանցքներով, որպեսզի ի վերջո հասնեն ելքին:

Մասնագետները մտադիր են հնարավորության դեպքում նախևառաջ դուրս բերել ֆիզիկապես ուժեղ տղաներին, հետո՝ ավելի թույլերին: Հայտնի է, որ թակարդված երեխաների տարիքը տատանվում է 11-16 տարեկանի սահմանում:

Ռազմական բժիշկները, որոնք, քարանձավով անցնելով, հասել են երեխաներին, բուժզննումից հետո տեղեկացրել են, որ 9 օր շարունակ առանց սննդի ու լիակատար մթության մեջ մնալուց հետո երեխաներն արդեն վերականգնվում են:

Փրկարարական գործողությանը մասնակցող փորձագետները նախազգուշացրել են, որ ջրի մակարդակի բարձրացման դեպքում իրենք ստիպված կլինեն մինչև հոկտեմբերի կես այնտեղ մնալ, քանի որ միայն այդ ժամանակ քարանձավը կչորանա:

Հաշվի առնելով այդ սցենարի հավանականությունը՝ վերջին օրերին քարանձավի ներս է տարվել մեծ քանակությամբ մթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության պարագաներ, ջրասուզորդների համար նախատեսված սարքավորումներ, թթվածնային բալոններ, կապի միջոցներ: Ներկայում քարանձավում գտնվողը մասնագետների հետ կապ են հաստատում ռազմական հեռախոսի միջոցով:












