ԱՄՆ-ն իր գործողություններով կրակ է բացում ամբողջ աշխարհի ու հենց իր վրա. չինացի պաշտոնյա
Միացյալ Նահանգների կողմից ներմուծման բարձր մաքսատուրքերի սահմանումը հարված է համաշխարհային արտադրական շղթային, կրակոց՝ ուղղված ամբողջ աշխարհին և հենց ԱՄՆ-ին։ Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ասել է Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը։
«ԱՄՆ-ի գործողությունները, ըստ էության, հարված են հասցնում համաշխարհային արտադրական շղթային։ ԱՄՆ-ն կրակ է բացում ամբողջ աշխարհի, ինչպես նաև՝ հենց իր վրա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Գաո Ֆենը։
Նա ընդգծել է, որ «ակնհայտ է, որ եթե ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանում, ապա այդ մաքսատուրքերն իրականում կառնչվեն նաև չինական ու այլ երկրների ընկերություններին, այդ թվում՝ ամերիկյան կապիտալով ձեռնարկություններին»։
ԱՄՆ-ն հունիսի 15-ին հայտարարել է Չինաստանից ապրանքների ներկրման համար 25% մաքսատուրք սահմանելու մասին։ Չինաստանից ապրանքների համար նոր մաքսատուրքերը սահմանապահ ու մաքսային ծառայությունները կսկսեն գանձել հուլիսի 6-ից։ Չինաստանն, իր հերթին, հայտարարել է, որ 25 տոկոսի մաքսատուրք կսահմանի ԱՄՆ-ից 659 անուն ապրանքի ներկրման համար։










