Լարսում պարզապես հերթ է, մեքենաներին հերթով բաց են թողնում. Հերբերտ Համբարձումյան

16:01 • 06.07.18

Լարսում խցանում չկա, պարզապես հերթ է: Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը: Նրա խոսքով՝ որևէ խնդիր չկա, պարզապես համընկել է տուրիստական սեզոնի հետ:

«Ծանրաբեռնված շրջան է, շատ մարդատարներ գալիս են, շատերը գնում են ՀՀ-ից, ավտոբուսներ կան, նաև ծիրանի սեզոնն է համընկել»,- ասաց նա:

Հարցին, որ լուրեր կան, որ կիլոմետրերով ձգվող հեր­թում բացառապես հայկական համարանիշով մեքենաներին չեն թողնում, իսկ վրացական պետհամարանիշով մեքենաներին թողնում են, Հերբերտ Համբարձումյանը բացասական պատասխան տվեց:

«Ո՞վ է ասել, թե նման բան կա, ես տենց տվյալ չունեմ: Ես գիտեմ, որ բոլոր մեքենաները մտնում են տերմինալ, որտեղից էլ հերթով բաց են թողնում մեքենաները: Հասկանալի է՝ որոշակի խնդիրներ էլ կան, խոսացել եմ նաև Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հետ, որը հենց կանգառները պատրաստել է, ու ամեն բան պարզաբանել են»,-նշեց Համբարձումյանը:

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահը տեղեկացրեց, որ վրացական կողմից իրեն պարզաբանել են, որ մեքենաները կանգառներ են տարել՝ ավելի լավ պայմաններ ապահովելու համար:

«Ինձ ասում են՝ ի՞նչ տարբերություն մեքենան այնտեղ է կանգնում, թե միջանկյալ տարածքում: Ասում են, որ հենց հերթը հասնում է, բոլորին բաց են թողնում, ավելին՝ նշեցին, որ, եթե տեսնեն՝ ազատ է, բայց մեր մեքենաներին չեն թողնում, ապա իրենք մեղավոր են, բայց պնդում են, որ նման բան չկա: Հիմա ասում են, որ ավելի լավ է՝ այնտեղ կանգնեն, որտեղ զուգարան կա, ջուր կա և այլն, ոչ թե միջանկյալ հատվածում, որտեղ ոչ մի պայման չկա, մի բան էլ մեքենաները կարող են իրար բախվել: Սրանից հետո էլ բան չկար իրենց ասելու»,- եզրափակեց Հերբերտ Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ լուրեր կար, թե Լարսում կիլոմետրերով ձգվող հեր­թում բացառապես հայկական համարանիշով մեքենաներ են, իսկ վրացական պետհամարանիշով մեքենաները հանգիստ անցնում են:

 

ՀեղինակԱնի Օհանյան