Հարավային Աֆրիկայում առյուծները հոշոտել են ռնգեղջյուրներին վնասել փորձած որսագողերին
Հարավաֆրիկյան Հանրապետության Քենթոն օն Սի քաղաքից ոչ հեռու գտնվող «Սիբույա» արգելոցի տարածքում առյուծները հոշոտել են որսագողերին, որոնք անօրինական որսի էին դուրս եկել ռնգեղջյուրների սպանելու համար, գրում է РИА Новости գործակալությունը։
Ինչպես հայտնել է արգելոցի տեր Նիկ Ֆոքսը սոցցանցերից մեկի իր էջում, որսագողերի առնվազն 3 հոգանոց խումբը ներթափանցել է վերահսկվող տարածք գիշերվա ժամերին։ Օրինազանցները զինված են եղել խլացուցիչ ունեցող ինքնաձիգով, կացնով ու աքցանով։ Նրանք նաև ունեցել են մի քանի օրվա սնունդ ու ջուր։
«Բոլոր հետքերը վկայում են այն մասին, որ նրանք պատրաստվում էին սպանել ռնգեղջյուրների ու սղոցել նրանց եղջյուրները», - նշել է Ֆոքսը։
Վաղ առավոտյան արգելոցի աշխատակիցներից մեկը լսել է պահակություն անող շան հաչոցը, սակայն ուշադրություն չի դարձրել՝ կարծելով, թե շունն ուղղակի արձագանքում է այնտեղ եղած առյուծների շարժին։
Սակայն օրվա երկրորդ կեսին նույն տարածքում զբոսաշրջիկների ուղեկցող զբոսավարն այնտեղ նկատել է մարդկային մարմինների մնացորդներ ու պատառոտված ուսապարկ, ինչի մասին անմիջապես տեղյակ է պահել արգելոցի ղեկավարությանը։ Արդեն երեկոյան դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու որսագողության դեմ պայքարի վարչության աշխատակիցները։
Առայժմ հայտնի չէ, թե քանի որսագող է սպանվել առյուծների կողմից, մասնագետները շարունակում են աշխատանքը։










