Իսպանական Պամպլոնայում մեկնարկել է ավանդական ցլավազքը

17:48 • 06.07.18

Իսպանական Պամպլոնա քաղաքում մեկնարկել է ավանդական ցլավազքը կամ ֆիեստան, որը դիտելու է հավաքվել մի քանի հազար մարդ, հայտնում է The Guardian-ը։ 

Պարբերականը նկատում է, որ  այս տարի միջոցառման անվտանգությունն ապահովող իրավապահների թիվը զգալի ավելացել է: Դա արվել է նախկինում ցլավազքերի ժամանակ տեղի ունեցած անախորժ միջադեպերից խուսափելու համար:

Նշվում է, որ երկու տարի առաջ ֆիեստայի ժամանակ 18-ամյա կին էր խմբակային բռնաբարության ենթարկվել, մինչդեռ մեկ այլ կնոջ էլ ծեծի էին ենթարկել սեռական հարաբերություններից հրաժարվելու համար:

Միջոցառումը, որը հաճախակի դառնում է բազմաթիվ դժբախտ պատահարների պատճառ, կտևի 1 շաբաթ։ 

Հավելենք, որ ցլավազքի ընթացքում ցլերին դուրս են թողնում փարախներից, որպեսզի դրանք վազելով հասնեն ցլամարտի դաշտ, որտեղ ավելի ուշ տեղի է ունենալու բուն ցլամարտը:

850 մետրանոց ճանապարհը ցլերն անցնում են 3-4 րոպեում: Ամենավտանգավոր հատվածը դաշտի մոտ բաց տարածքն է, որտեղ մարդիկ պատսպարվելու տեղ չունեն:

Փառատոնը համաշխարհային հռչակ է ստացել Էռնեստ Հեմինգուեյի «Ֆիեստա» վեպի հրատարակումից հետո (1926թ):