Հունաստանը որոշել է Ֆրանսիային արտահանձնել հայտնի վրացի «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլիին

16:00 • 06.07.18

Հունաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Լաշա Ռուստավսկի մականունով հայտնի վրացի «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլիի արտահանձնումը Ֆրանսիային: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Ինչպես նշվում է՝ արտահանձնումից հետո վրացական մաֆիայի 57-ամյա պարագլուխը կմիանա այլ ձերբակալված քրեական հեղինակություններին, որոնք Ֆրանսիայում արդեն քննության տակ են:

Հաղորդվում է, որ «օրենքով գողեր» Լաշա Ռուստավսկիի, Մերաբ Ասանիձեի և Նոդար Շուկակիձեի արտահանձնման հարցով դատական նիստերը պետք է կայանային ապրիլի 24-ին և մայիսի 2-ին: Դրանք, սակայն, չեղարկվել են Շուշանաշվիլիի հոսպիտալացման պատճառով, որը բողոքել էր ինքնազգացողության հանկարծակի վատթարացումից:

Երեք վրացի քրեական հեղինակությունները և ևս 30 վրացի ձերբակալվել են ապրիլի կեսին Հունաստանում և Ֆրանսիայում՝ «Կովկասական Նորմանդիա» խոշոր ոստիկանական գործողության արդյունքում:

Լաշա Շուշանաշվիլին եղել է Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի մտերիմներից: