Բլոգերը՝ որպես մանրադրամ քաղաքական խաղերում. «Ամերիկայի ձայնը»՝ Լապշինի մասին (տեսանյութ)

11:08 • 06.07.18

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն ադրբեջանական բանտում անցկացրած ինն ամիսներից հետո փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի վրա, նշում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

«Սա իմ պարզապես հիանալի հարցազրույցն է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությանը: Այն արդեն երրորդն է մեկ շաբաթվա ընթացքում և ամենատեղեկատվականը: Անպայման լսեք, ձեզ դուրս կգա: Ռուսերեն է: Բայց ինձ է՛լ ավելի է դուր գալիս կադրի հետևում մեկնաբանությունը, չէ՞ որ «Ամերիկայի ձայնը» ԱՄՆ պետքարտուղարության ստորաբաժանումներից մեկն է, և եթե այնտեղ հստակ իրականության զգացողությունն ամբողջովին կորցրած Ադրբեջանի նախագահի նկատմամբ նյարդայնություն է զգացվում, ապա այդ կովկասյան հանրապետությունում ակնհայտորեն փոփոխություններ են սպասվում: Հուսով եմ՝ ոչ լիբիական սցենարով, այլ թեկուզ հայկական»,- գրել է Լապշինը Facebook-ի իր էջում՝ կիսվելով տվյալ տեսանյութով։

Ինչպես նշում է լրատվամիջոցն իր ռեպորտաժում, մեկուկես տարի առաջ բլոգերի հետ կապված պատմությունը հայտնվել է լրատվամիջոցների առաջին էջերում: «Տարօրինակ կերպով այդ պատմության մեջ խառնվեցին կարծես երեք բարեկամական երկրների՝ Ադրբեջանի, Բելառուսի և Ռուսաստանի շահերը»,- նշում է ռեպորտաժի հեղինակը՝ հիշեցնելով, որ վերջին երկու երկրները նաև մեկ դաշնակցային պետության անդամ են:

«Բարեկամ Լուկաշենկոն հանկարծ մեծ ժեստ անելով՝ Ռուսաստանի ձերբակալված քաղաքացուն հանձնում է բարեկամ Ալիևին՝ կարծես բոլորովին մոռանալով բարեկամ Պուտինի մասին»,- ասված է ռեպորտաժում:

Լապշինը հարցազրույցում նշում է, որ Բելառուսի կողմից ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ պետության հարված էր Ռուսաստանի Դաշնության հեղինակությանը և կարգավիճակին: Բլոգերը հիշեցնում է, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել էր, որ փորձել է իր հարցով պայմանավորվել Ռուսաստանի և Իսրայելի հետ, բայց դա նրան չի հաջողվել:

«Իրականում, ինչպես իմացա ռուս դիվանագետներից, խոսքը Ռուսաստանի Դաշնությանը գազի համար պարտքի վճարումը հետաձգելու մասին էր: Այսինքն՝ նա ենթադրում էր, որ ինձ Ադրբեջանին չարտահանձնելու դիմաց ինչ-որ կերպ կհետաձգեն պարտքերի վճարման ժամկետները: Քանի որ Ռուսաստանն, իհարկե, հրաժարվեց, դա կանխատեսելի էր, նա ինձ հանձնեց Ադրբեջանին՝ դրանից մի քանի տարի առաջ ստացած և մինչ այժմ չվճարված վարկերի դիմաց»,- ասել է Լապշինը:

Լրատվամիջոցը նշում է, որ մինչ երկրների իշխանությունները զբաղված էին իրար հետ հարցեր պարզելով, ադրբեջանական բանտում Լապշինը քիչ էր մնում զրկվեր կյանքից: Լապշինը հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչպես են Բաքվի բանտում իր վրա հարձակում գործել, ինչից հետո նա հայտնվել է քաղաքի կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Այնտեղ արթնանալուց հետո նրան տեղեկացրել են, որ նրան գտել են խցում կախված: Իսրայելի դեսպանը, սակայն, իրեն խորհուրդ է տվել ոչ մի հայտարարություն չանել՝ նշելով, որ, հասկանալի է, թե ինչ է տեղի ունեցել իրականում, և հայտնել է, որ Ալիևը Լապշինի նկատմամբ համաներում է կիրառել:

«Ամերիկայի ձայնը» նշում է, որ Լապշինը չի բավարարվել նրանով, որ կարողացել է վերադառնալ տուն, և Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց է ներկայացրել՝ մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին իր դեմ մահափորձ կատարելու համար: Լապշինը նշել է, որ Ադրբեջանը զբաղվում է առանձին մարդկանց, ճանապարհորդների, զբոսաշրջիկների հետապնդմամբ, որոնք կապ չունեն քաղաքականության կամ իրավապաշտպանության հետ:

«Այսինքն՝ ինչ-որ կերպ նրանք ցույց են տալիս իրենց ժողովրդին, հնարավոր է՝ բնակչության առավել քիչ կրթված շերտերին, որ նա այնքան ուժեղ առաջնորդ է, որ կարող է բռնել ճանապարհորդի»,- ասել է Լապշինը: