Սկրիպալներին մահից փրկել է թունավորման դեպքից րոպեներ առաջ քաղաքում սկսված հորդառատ անձրևը․ լրատվամիջոցներ

12:54 • 06.07.18

Ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլյա Սկրիպալին, մահից կարող է փրկած լինել թունավորման դեպքից րոպեներ առաջ քաղաքում տեղացած հորդառատ անձրևը, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով The Sun-ին, որն էլ վկայակոչում է Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայության իր բարձրաստիճան աղբյուրին։

Նշվում է, որ թունավոր նյութի մահացու չափաբաժինը, որից տուժել են նախկին հետախույզն ու իր դուստրը, եղել է Սկրիպալի տան մուտքի դռան բռնակին։ Սկրիպալների՝ դուռը բացելուց րոպեներ առաջ Սոլսբերի քաղաքում ուժեղ անձրև է սկսվել, որն, ամենայն հավանականությամբ, թուլացրել է А234 թունավոր նյութի ազդեցությունը։

«Ճիշտն ասած՝ մեր բախտը բերել է։ Եթե անձրևը չլիներ՝ Սկրիպալը, հավանաբար, կմեռներ, Յուլյան՝ նույնպես»,- լրատվամիջոցին հայտնել է գաղտնի աղբյուրը։

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել:

Օրերս պարզ էր դարձել, որ բրիտանական Էյմսբերի քաղաքում երկու մարդ է տուժել, որոնք թունավորվել են նույն՝ «Նորեկ» կոչվող նյութով։ Սքոթլանդ Յարդը հայտարարել է, որ դեռևս ոչինչ չի մատնանշում, որ Էյմսբերիում թունավորված մարդիկ կապ ունեն Սկրիպալի ու նրա դստեր հետ: