Ռուսաստանը լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների համար
Ռուսաստանը լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել մի շարք ամերիկյան ապրանքների համար: Այդ մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Համապատասխան որոշումը ստորագրել է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Այդ որոշումը կայացվել է ի պատասխան Վաշինգտոնի կողմից պողպատի և ալյումինի մաքսատուրքերի սահմանմանը: Որոշումը վերաբերելու է այն արտադրանքին, որի համարժեքն արտադրվում է Ռուսաստանում: Լրացուցիչ վճարների չափը կազմելու է 25-ից 40 տոկոս:
Մասնավորապես, նոր օրենքի տակ են հայտնվում ճանապարհաշինարարական տեխնիկայի, նավթագազային սարքավորումների որոշ տեսակներ, մետաղների մշակման և հորատման համար նախատեսված գործիքներ, ինչպես նաև օպտիկական մանրաթելեր:
Առաջին փուլում մաքսատուրքերի ծավալը կկազմի տարեկան 87,6 միլիոն դոլար: Եվս 450 միլիոն դոլարի մաքսատուրքեր կսահմանվեն երեք տարի անց կամ ԱՀԿ-ի որոշմամբ, եթե կազմակերպությունը եզրակացնի, որ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանումը չի համապատասխանում կազմակերպության կանոններին:
Հիշեցնենք, որ մարտի վերջին ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի ներկրման համար, համապատասխանաբար, 25 և 10 տոկոսի չափով, ինչը խիստ քննադատության է արժանացել տարբեր երկրների կողմից:
Մայիսի վերջին հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը հունիսի 1-ից մաքսատուրքեր է սահմանում նաև Եվրոպայից, Կանադայից, Մեքսիկայից և այլ երկրներից ԱՄՆ ներկրվող պողպատի և ալյումինի համար:










