Թբիլիսիում կրակել են Վրաստանի նախագահի փեսայի վրա
Թբիլիսիում լույս հուլիսի 6-ին զինված հարձակում է տեղի ունեցել երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսայի՝ Մինդիյա Գոգոչուրիի դեմ, ինչի հետևանքով նրան հոսպիտալացրել են հրազենային վնասվածքներով:
Ինչպես հաղորդում է ria.ru-ն, Գոգոչուրիին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նրան վիրահատում են: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարությունն արդեն հետաքննություն է սկսել: Կատարվածի մանրամասները դեռևս անհայտ են:
Աղբյուրը մանրամասնում է, որ Գոգոչուրին Վրաստանի առաջին տիկնոջ՝ առաջին ամուսնությունից ծնված դստեր քաղաքացիական ամուսինն է:
Հայտնի է, որ նախագահի փեսան ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2017թ. հունվարին, երբ նա ու իր ընկերը հրազենային վիրավորում էին ստացել Թբիլիսիի կենտրոնում:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախագահ Մարգվելաշվիլին 2016թ. ամռանը հայտարարել էր, որ իրավապահները փորձել են ճնշում գործադրել իր ընտանիքի անդամներից մեկի (Գոգոչուրիի) վրա ու առանց թույլտվության խուզարկություն են անցկացրել նրա տանը: Ավելի ուշ Վրաստանի ՆԳՆ-ն մանրամասնել է, որ հետաքննություն է վարում զենքի ապօրինի ձեռքբերման, պահման ու կրման գործով, որի շրջանակում խուզարկում է անցկացվել երեք մարդու՝ այդ թվում նաև Մինդիյա Գոգոչուրիի տանը:










