«Նրանք Ռուսաստանից պաշտպանվել են ցանկանում, բայց միևնույն ժամանակ նրան միլիարդներ են վճարում». Թրամփը քննադատել է Գերմանիային

16:39 • 06.07.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին այն բանի համար, որ երկրի իշխանությունները բավականաչափ միջոցներ չեն ծախսում պաշտպանության համար, սակայն նախընտրում են Ռուսաստանին միլիարդներ վճարել նավթի և գազի մատակարարումների համար: ԱՄՆ նախագահն այդ մասին հայտարարել է Մոնտանայում ելույթի ընթացքում, հայտնում է lenta.ru-ն:

ԱՄՆ առաջնորդի կարծիքով՝ պաշտպանության համար Գերմանիայի ծախսերի անբավարար քանակը վնասում է ամերիկյան բյուջեին, քանի որ ԱՄՆ-ն ստիպված է ՆԱՏՕ-ին կառույցի գոյության համար միլիարդավոր դոլարներ հատկացնել:

«Նրանք գնում են և պայմանավորվում նոր գազային գործարքի մասին, ձեռք են բերում նավթ և գազ Ռուսաստանից, որին վճարում են միլիոնավոր դոլարներ, նորմա՞լ է դա: Նրանք Ռուսաստանից պաշտպանվել են ցանկանում, բայց միևնույն ժամանակ նրան միլիարդներ են վճարում, իսկ մենք հիմարների պես այդ ամենի համար վճարում ենք»,- հայտարարել է Թրամփը:

Նա վստահեցրել է, որ կստիպի ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին կատարել անհրաժեշտ վճարումները:  Որպես երկրների ծախսերի անհամապատասխանություն՝ Թրամփը ներկայացրել է ՀՆԱ-ի չափաբաժինը, որ ԱՄՆ-ն և Գերմանիան հատկացնում են պաշտպանության համար:

«Նրանք մեզ սպանում են: Մենք վճարում ենք մեր հսկայական ՀՆԱ-ի չորս տոկոսը: Իսկ Գերմանիան, որը ԵՄ ամենամեծ տնտեսությունն է, ընդամենը մեկ տոկոսը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: