Ամերիկացին կարող է հայտնվել ճաղերի ետևում՝ վարձույթով վերցրած DVD սկավառակը խանութ չվերադարձնելու համար

12:10 • 06.07.18

ԱՄՆ Օկլահոմա նահանգի Քլերմոր քաղաքի բնակիչը կարող է հայտնվել ճաղերի ետևում՝ վարձույթով վերցրած DVD սկավառակը խանութ չվերադարձնելու համար, գրում է lenta.ru կայքը։

2014 թվականին Լոնի Փերին վարձույթով վերցրել էր «Երրորդն ավելորդ է» ֆիլմը, որը պատմում էր մարիխուանա սիրող խոսող փափուկ արջուկի հետ ապրող տղամարդու կյանքի մասին։ Ըստ Փերիի՝ ֆիլմը չարժեր անգամ այն 5 դոլարը, որ նա վճարել էր դրա վարձույթի համար։

Որոշ ժամանակ անց տղամարդը մնացել է առանց կացարանի և ստիպված է եղել տեղափոխվել այլ քաղաք։ Տեղափոխվելիս նա արկղի մեջ է հավաքել իր իրերը՝ այդ թվում DVD-ն։

Վարձույթի ծառայության ներկայացուցիչները բազմիցս փորձել են գտնել տղամարդուն ու կապ հաստատել նրա հետ, սակայն՝ ապարդյուն։ Ի վերջո, նրանք դիմել են շրջանային դատախազություն։

Իրավապահները գտել են Փերիին, որն այդ ժամանակ արդեն բնակվում էր Թալսա քաղաքում, նրան տեղեկացրել են կուտակված պարտքի մասին, որն այդ պահին կազմել է 218 դոլար։ Դրանից 19 դոլարը նշված DVD-ի գինն է, 25-ը՝ ծառայության կորցրած եկամտի համար փոխհատուցումը, մնացյալ գումարն անցնելու է դատախազությանը։ Հայտնի է, որ չվճարելու դեպքում Փերին կարող է ձերբակալվել։

Տղամարդը հայտնել է, որ պատրաստ է վճարել գումարը, սակայն տվյալ պահին նման գումար չունի։

«Ես հասկանում եմ, որ վարձույթի ծառայությունն անում է այն, ինչ պարտավոր է։ Սակայն կան մարդուն գտնելու ճանապարհներ՝ առանց գործը ձերբակալության հրամանի հասցնելու», - ասել է ամերիկացին։