Աֆրինում թուրքական ԶՈւ-ի օկուպացիայից հետո սկսել են բնակեցվել իսլամիստ ծայրահեղականներ․ իրավապաշտպան կազմակերպություն
Գերմանիայում գործող «Վտանգված ժողովուրդներ» իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգել է, որ սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ-ի օկուպացիայից հետո սկսել են բնակեցվել իսլամիստ ծայրահեղականներ, որոնք այստեղ հաստատել են «շարիաթի» օրենքներ, գրում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը։
Կազմակերպությունը միայն հուլիս ամսվա սկզբին գրանցել է Աֆրինում մարդկանց առևանգման 120, տների վրա հարձակումների ու կողոպուտի 37 և 7 քաղաքացիական անձի սպանության դեպք։
Կազմակերպությունը ներկայացրած զեկույցում նաև մեջբերել է աֆրինցի քուրդ Քամալ Սիդոյի վկայությունները, որը փաստել է, որ Աֆրինում այլևս իշխում են արաբ իսլամիստները, ինչի հետևանքով հատկապես բարդացել է տեղի ալևիների ու եզդիների վիճակը։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքական ԶՈւ-ն Աֆրինի կենտրոնը գրավել է մարտի 18-ին:










