Հս. Կորեան ապամիջուկայնացման գործընթացում ժամանակային սահմանափակում չունի. Թրամփ

15:43 • 18.07.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեղմել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ գործադրվող ճնշումը՝ հայտարարելով, որ Փհենյանն ամբողջական ապամիջուկայնացման գործընթացի հարցում ժամանակային սահմանափակում չունի:

Ինչպես նշում է The Guardian-ը, Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է Փհենյանի հետ քննարկել հյուսիսկորեական ռեժիմի միջուկային զինանոցի ապագայի հարցը:

ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ այդ քննարկումները «շատ-շատ լավ են ընթանում»: Թրամփն ընգծել է, որ այս հարցում շտապելու կարիք չկա, քանի որ Հյուսիսային Կորեան վերջին ինն ամսվա ընթացքում որևէ բալիստիկ հրթիռ չի փորձարկել:

«Մենք ժամանակային սահմանափակում չունենք: Մենք գործընթաց ենք վարում, և մեր հարաբերությունները շատ լավ են»,- կոնգրեսականների հետ հանդիպմանն ասել է նախագահը:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին պատմական հանդիպում էր կայացել Թրամփի ու Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի միջև: Հանդիպման ավարտից հետո Թրամփը հայտարարել էր, որ Փհենյանը պատրաստ է Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը: