Ամերիկուհի զբոսաշրջիկները շփոթել են պորտուգալական ու ամերիկյան Լիսաբոնները

12:38 • 18.07.18

Երկու ամերիկուհիներ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հայտնվել են անսարք վերելակի մեջ ու խուճապի պահին քաղաքի ոստիկանությանն ահազանգելու փոխարեն զանգահարել են ԱՄՆ-ում գտնվող նույնանուն քաղաքի իրավապահներին։

Ինչպես փոխանցում է WCSH հեռուստաալիքը, զբոսաշրջիկները հասկանալով, որ վերելակը խափանվել է, և անհույս սպասելով օգնության շուրջ 20 րոպե՝ շտապել են Google որոնողական համակարգի միջոցով ահազանգել Լիսաբոնի ոստիկանություն, սակայն դրա փոխարեն գտել են ԱՄՆ Մեն նահանգի Լիսաբոն քաղաքի ոստիկանության հեռախոսահամարը։

Զանգին պատասխանած աշխատակցուհի Քեթի Ռոյը, բարեբախտաբար, հասկացել է իրավիճակն ու խուճապի մատնված կանանց համար գտել ճիշտ՝ պորտուգալական հեռախոսահամարը։ Ռոյն անձամբ է ահազանգել Լիսաբոնի ոստիկանություն ու չնայած լեզվական խոչընդոտին՝ կարողացել բացատրել ստեղծված իրավիճակը։

Ի վերջո, պորտուգալացի իրավապահները կարողացել են հասնել տեղ ու օգնություն ցուցաբերել վերելակի մեջ մնացած կանանց։

ԱՄՆ-ում բազմաթիվ են Հին աշխարհի քաղաքների անուններով վերանվանված բնակավայրերը․ այդպես, օրինակ, միայն Կալիֆոռնիա նահանգում հայտնի է Լիսաբոն անունով երկու բնակավայր, իսկ ամբողջ ԱՄՆ-ում՝ 20։