Աշխատում ենք 24-ժամվա ռեժիմով, արդեն երկուշաբթի կվերադառնանք բնականոն աշխատանքի. «Սանիտեքի» ներկայացուցիչ
«Սանիտեք»-ում վերջին օրերին առաջացած տեխնիկական խնդիրները կապված են աղբահավաք մեքենաների հետ, ընկերությունը մայրաքաղաքում աղբի հավաքման շուրջ մշակել է ճգնաժամային ծրագիր և երկուշաբթի ընկերությունը կվերադառնա ամենօրյա ռեժիմին:
Tert.am –ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Սանիտեք» ընկերության ղեկավարի օգնական Քրիստինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ «Փաստ» օրաթերթը, անդրադառնալով արդեն մի քանի օր շարունակ սոցիալական ցանցերը ողողած լուսանկարներին, որոնցում լեփ–լեցուն աղբամաններ են ու դրանց շուրջ թափված աղբ, մեջբերելով նախօրեին «Սանիթեք»-ի արած հայտարարությունը, (ընկերությունից սա բացատրել էին «տեխնիկական խափանումներով), գրել է .«Այդ ինչ խափանումների մասին է խոսքը, որ ամբողջ քաղաքը հայտնվել է նման վիճակում, չի պարզաբանվում. ի՞նչ է, բոլոր մեքենաները միանգամից շարքից դո՞ւրս են եկել, թե՞ բոլոր աշխատակիցներն են գործադուլ հայտարարել:Սակայն որքան էլ խոստացել էին հնարավորինս արագ լուծել խնդիրը, որեւէ տեղաշարժ չկա: Ավելին, շատերն արդեն սկսել են այս վիճակը գնահատել որպես սաբոտաժ»:
Քրիստինե Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց.« Չգիտեմ՝ ճիշտն ասած՝ ինչ սաբոտաժի մասին է խոսքը: Մի քանի մեքենա, երբ տեխնիկական անսարքություն են ունենում, ամբողջ համակարգն է տուժում դրանից, դրա համար աղբահանությունը չենք հասցնում ժամանակին կատարել, ինչի հետևանքով բնակիչները ահազանգում են, որ աղբը հավաքված չէ: Որևէ գործադուլ չկա, ավելին՝ մեր բոլոր աշխատողները օրվա մեջ 24 ժամվա ռեժիմով աշխատում են և խորհրդակցությունների միջոցով ամեն ինչ անում ենք ճգնաժամային պահը կարգավորելու համար: Ծրագիր, որ կարողանանք արագ հաղթահարել այս իրավիճակը, մինչև կարողանանք վերադառնալ մեր ամենօրյա ռեժիմին»:
Ընկերության աշխատանքից ամեն ամառ դժգոհություն է հնչում, սակայն, որ դա լինի այն աստիճան, որ խնդրին անդրադառնա նաև Մարդու իրավունքների պաշտպանը, աննախադեպ է: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել էին. :Դիմումներում, ինչպես նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում առկա են տեղեկություններ, որ շուրջ երկու շաբաթ մայրաքաղաքի տարբեր հատվածներում աղբահանությունն իրականացվում է ոչ պատշաճ, իսկ առանձին դեպքերում ընդհանրապես չի իրականացվում, զանգերն ու բողոքները «Սանիթեքի» թեժ գծին մնում են անպատասխան։ Քաղաքացիները պատշաճ չեն ծանուցվում աշխատանքների ձգձգման կամ դրանց կատարման ժամկետների վերաբերյալ։
Հաշվի առնելով, որ նշված բողոքներն ու հանրային մտահոգությունները վկայում են հարցի հանրային նշանակության մասին, Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ։










