Հայ-ամերիկյան հարաբերություններում պետք է նոր էջ բացվի. Արարատ Միրզոյանն ասել է Վաշինգտոնում
Նախկինում ամեն ինչ շատ սահուն է եղել, բայց՝ նոր էջ է պետք բացել, այս մասին Վաշինգտոնում ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի բարեկամության խմբի առաջնորդների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը:
«Ես կարծում եմ, ժամանակն է, որ բոլորովին այլ մակարդակի վրա բարձրացվեն մեր հարաբերությունները և ոչ թե խոսենք անցյալը սահուն շարունակելու մասին: Ես խնդրում եմ, իմ ուղերձը շատ բառացի ընկալել և նաև գործընկերներին փոխանցել տարբեր քննարկումների ժամանակ. աննախադեպ խաղաղ դեմոկրատական հեղափոխության շնորհիվ աշխարհում հայտնվել է մի նոր ժողովրդավարական պետություն և այդ ժողովրդավարությունը պետք է պաշտպանել»:
Փոխվարչապետ Միրզոյանը կոչ է արել կոնգրեսականներին աջակցել, որ մեծացվեն Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության ծավալները: Վաշինգտոնի իր այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը չորեքշաբթի բանակցություններ է վարել Պետքարտուղարությունում, հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի մի շարք սենատորների և կոնգրեսականների, ինչպես նաև՝ իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարների հետ:
«Կարծում ենք, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կարելի է նաև ԱՄՆ-տարածաշրջան, Հայաստան-Վրաստան համատեքստում դիտարկել»,– ասել է նա:
Հայաստանը մտադիր է շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, նշել է փոխվարչապետ Միրզոյանը՝ շեշտելով, որ Երևանն առաջնորդվում է Հայաստանի շահերով. «Մենք չենք կարող թույլ տալ շատ կտրուկ շրջադարձ»:
Կոնգրեսականներ Փալոնին, Վալադաոյին և Թրոթին հետաքրքրել է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների, ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Երևանի դիրքորոշումը և Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարը, որին ի աջակցություն կոնգրեսական Դեյվիդ Թրոթն առաջարկել է Կոնգրեսի հատուկ հռչակագիր ընդունել: Ֆրենք Փալոնն էլ ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցածը կարող է օրինակ ծառայել Հայաստանի հարևանների համար. «Իսկ մեր կողմից ամենակարևոր քայլն է բարձրացնել մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները»:
Ամերիկացի օրենսդիրներին հատուկ հետաքրքրել է Հայաստանի «թավշյա հեղափոխության» պատմությունը, քանի որ, ընդգծել է կոնգրեսական Փալոնը, Արարատ Միրզոյանն ԱՄՆ այցելած Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով մասնակցել էր «թավշյա հեղափոխությանը»: Միրզոյանի խոսքով, տասնամյակներ շարունակ Հայաստանի քաղաքացիները երազել են ունենալ ազատ ժողովրդավար պետություն և տասնամյակներ շարունակ դա չի հաջողվել: «Բայց, մենք չենք հանձնվել և ինչպես տեսնում եք, մենք կարողացանք հաղթել»:
Հանդիպման ընթացքում կոնգրեսականներն ընդգծել են նաև, որ ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել, որի համար լավագույն ժամանակը սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովն է:










