Թուրքիան օրենքի երկիր է. Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Թրամփին՝ ձերբակալված ամերիկացի քահանայի հարցով
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայում կալանավորված քահանա Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման վերաբերյալ կոչին։
Հիշեցնենք, որ Twitter-ի իր պաշտոնական էջում Բրանսոնի մասին արված հրապարակման մեջ, Թրամփը Բրանսոնին անվանել էր «պատանդ» ու շեշտել, որ Էրդողանը պարտավոր է ինչ-որ բան անել նրան ազատ արձակելու համար։
Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Համի Աքսոնը, մեկնաբանելով Թրամփի կոչը, նշել է, որ Բրանսոնի հետ կապված դատական գործընթացը օրենքի գերակայության սահմաններում է իրականացվում։
«Այստեղ իրավական գործընթաց է ընթանում, Թուրքիան օրենքի երկիր է», - ասել է Աքսոյը։
Նշենք, որ Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են անցյալ տարվա վերջին՝ միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով:
Ավելի ուշ հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի համար։










