Մոնտենեգրոն կարող է Երրորդ աշխարհամարտի պատճառ դառնալ. Թրամփ

11:01 • 19.07.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոնտենեգրո (Չեռնոգորիա) փոքրիկ հանրապետությունը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառ դառնալ:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Մոնտենեգրոյի ժողովուրդը շատ ագրեսիվ է:

«Մոնտենեգրոն շատ փոքր երկիր է`շատ ուժեղ ժողովրդով: Նրանք չափազանց ագրեսիվ են: Կարող է պատահել, որ նրանք բարկանան, ու շնորհավորանքներս՝ սկսվել է Երրորդ համաշխարհային պատերազմը»,-նշել է Թրամփը:

Նախագահն ընդգծել է, որ իրեն դուր չի գալիս այն հանգամանքը, որ ռազմական կոնֆլիկտի դեպքում ԱՄՆ-ն ստիպված է լինելու պաշտպանել ՆԱՏՕ-ի նորեկ անդամ Մոնտենեգրոյին:

Հայտնի է, որ նախկին Հարավսլավիայի կազմում ներառված Մոնտենեգրոն, որն ունի մոտ 630.000 բնակիչ, նախորդ տարվանից անդամակցում է ՆԱՏՕ-ին, ինչը, մեղմ ասած, դուր չի գալիս Ռուսաստանին:

Վերջին տարիներին Մոնտենեգրոյի հարաբերությունները Մոսկվայի հետ խիստ լարվել են, ինչը պայմանավորված է բալկանյան պետության՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու փաստով:

Բացի այդ, երկիրը մտադիր է դառնալ Եվրոպական Միության անդամ, ինչը բարկացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ, այդպիսով, Արևմուտքն ավելի է մոտենում Ռուսաստանի սահմաններին:

Հայտնի է, որ Ռուսաստանին մեղադրում են Մոնտենեգրոյի ընտրություններին միջամտելու, ինչպես նաև 2016թ. հեղաշրջման ձախողված փորձի իրականացման համար:

«Փաստորեն, Թրամփը կասկածի տակ է առնում այն, որ ԱՄՆ-ն հարկ եղած դեպքում կպաշտպանի իր դաշնակիցներին: Եվս մի նվեր Պուտինին»,-նշել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկոլաս Բըրնսը:

Մինչդեռ Թրամփի կուսակից հանրապետական Ջոն ՄքՔեյնը կարծում է, որ «ԱՄՆ նախագահն անում է ճիշտ այն, ինչ Պուտինն է ցանկանում»:

«Մոնտենեգրոյի ժողովուրդը դիմակայում է պուտինյան Ռուսաստանի ճնշմանը՝ շարժվելով դեպի ժողովրդավարություն: Բայց նախագահը, խոսելով Մոնտենեգրոյի դեմ ու կասկածի տակ առնելով մեր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակում, մեծ նվեր է մատուցում Պուտինին»,-ասել է կոնգրեսականը: