Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պարզել է Սկրիպալների թունավորման համար կասկածվողների ինքնությունը, նրանք ՌԴ քաղաքացիներ են

14:52 • 19.07.18

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պարզել է ռուսական գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլյայի թունավորմանը ներգրավված անձանց ինքնությունը, նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են, հայտնում է itv.com-ը:

«Աղբյուրը հայտնել է Press Association գործակալությանը, որ քննությունը կարծում է, որ հայտնաբերել է Սկրիպալների վրա հարձակման համար պատասխանատու անձանց»,- ասված է գործակալության հաղորդագրությունում:

Նշվում է, որ քննիչները վստահ են, որ կասկածյալները ռուսներ են:

Քննությունն օգտագործել է տեսահսկման համակարգերի տեսախցիկների ձայնագրությունները և մոտավորապես նույն ժամանակահատվածում երկիր ժամանածների մասին տվյալները:

Ավելի վաղ Daily Mail-ը, վկայակոչելով հետախուզությունում աղբյուրի, հայտնել է, որ թունավորումը կարող էր իրականացնել վեց մարդուց բաղկացած խումբը, որտեղ «առանցքային դեր» է ունեցել մի կին:

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել:

Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը հաղորդել է Սկրիպալների առողջական վիճակի բարելավման մասին: