Արա Խաչադուրյանը Մարսելից հասել է Հայաստան՝ վազքով հաղթահարելով 5000 կմ

09:14 • 19.07.18

Գյումրիում մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հուլիսի 18-ին դիմավորել են մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանին, ով Մարսելից վազքով հասել է Հայաստան:

2016 թ. աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը նվաճելուց հետո մարսելաբնակ հայազգի լեռնագնացը նոր մարտահրավեր է նետում. այն է՝ Մարսելից վազքով հասնել Հայաստան՝ հաղթահարելով 5000 կմ տարածություն: Վազքը մեկնարկել է ապրիլի սկզբին: Օրական վազելով 50 կմ՝ Արա Խաչադուրյանը եզրափակել է իր խաղաղության մարաթոնը Երևանում:

«Ուզեցի վազել հանուն խաղաղության,- «Արմենպրես»-ին ասել է լեռնագնացը,- կոչ անել, որ ոչ մի տեղ պատերազմ չլինի: Նպատակս է նաև երիտասարդներին ասել՝ եթե նպատակ, երազանք ունեք, ձգտելով կարող եք հասնել դրան»:

Նա պատմել է, որ Էվերեստի գագաթին, ինչպես ինքն է ասում, Աստծոն մոտ, որոշում է նամակ գրել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Սակայն իր Թուրքիա եղած ժամանակ դեռ նախագահական ընտրությունները չէին կայացել, և չիմանալով, թե ով է լինելու երկրի նախագահը, Արան այդ նամակը այդպես էլ Թուրքիայի նախագահին չի հանձնում:

«Բայց հանձնելու եմ, հաջորդ անգամ, երբ գնամ Թուրքիա: Եթե անհրաժեշտություն լինի 5 կամ 10 տարի էլ կփորձեմ: Նամակում ասում եմ, որ Ցեղասպանության մեղավորները նրանք են, ովքեր ոճրագործության կատարման հրամանը տվեցին, ինքը պատասխանատու չէ այն բանի համար, ինչ արել են նախկինում: Պատասխանատուն հրաման տվող գեներալներն են, բայց պետք է ճանաչել ցեղասպանությունը»,- ասում է մասնագիտությամբ ոսկերիչ լեռնագնացը:

Խոսելով Արարատի մասին՝ նա չի թաքցնում հուզմունքը: «Երբ Արարատից ես տեսնում Հայաստանը, բոլորովին այլ զգացողություն ես ունենում»,- նշել է Արան՝ հավելելով, որ շատ է ցանկանում հանդիպել Նիկոլ Փաշինյանին:

Լեռնագնացը ծնվել է Լիբանանում: 9 տարեկան է եղել, երբ պատերազմի պատճառով ընտանիքը մեկնել է Ֆրանսիա: