«Ստանդարտ 2017» ժամանակակից արվեստի առաջին միջազգային տրիենալեն ավարտվեց. պատրաստ է ամփոփող կատալոգը և «Անալոգ լեռը» ժամանակակից արվեստի փորձառություն գիրքը
«Ստանդարտ 2017» ժամանակակից արվեստի առաջին միջազգային տրիենալեն, որը Հայաստանում ներկայացնում էր Արվեստների հայկական խորհուրդը և անցկացվում մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ, մոտեցավ իր տրամաբանական ավարտին. արդյունքները ներկայացվեցին մամուլի ասուլիսին: Արդեն իսկ պատրաստ է «Ստանդարտ 2017» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեի կատալոգը և Քրիստիան Օքսենիուսի «Անալոգ լեռը» ժամանակակից արվեստի փորձառություն գիրքը՝ հրատարակված իտալական Սկիրա հրատարակչության կողմից:
«Մեկ տարի առաջ այս նույն վայրից «Արվեստների հայկական խորհուրդը» հայտարարեց «Ստանդարտ» միջազգային տրիենալեի մեկնարկը, որը տևեց 5 ամիս: Այս ընթացքում մենք ունեցանք մոտ 10 ցուցադրություններ՝ Գյումրում, Երևանում, Սևանում ու Կապանում, եղան բազմաթիվ վարպետաց դասեր, ֆիլմերի դիտումներ, մեծ ծրագիր, որի ավարտը կարող ենք այսօր հայտարարել: Տրենալեին մասնակցեցին մոտ 30 երկրների ավելի քան 15 արվեստագետներ, առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ մի շարք արվեստագետներ նաև մնացին ՀՀ-ում, ունեցան հետազոտական այցեր, ստեղծագործեցին, հենց իրենց այդ ստեղծագործություններով մասնակցեցին տրիենալեին»,- ասաց «Արվեստների հայկական խորհրդի» տնօրեն Մարինե Հարոյանը:
Վերջինիս համար տրիենալեի առանձնահատկություններից մեկը նաև այն էր, որ առաջին անգամ հայ հասարակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու մեծ հեղինակություն ունեցող արվեստագետների աշխատանքներին։ «Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվեցին ժամանակակից արվեստի ոլորտում մեծ ճանաչում և հեղինակություն ունեցող Իլյա և Էմիլիա Կաբակովները և բրազիլահայ հայտնի մոդեռնիստ, լուսանկարիչ Գասպար Գասպարյանի և Ֆելիչե Վարինիի աշխատանքները»,- շարունակեց Մարինե Հարոյանը։
«Ստանդարտ 2017»-ի գլխավոր համադրող ընտրված Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրստենբերգն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, շնորհակալություն հայտնեց տրիենալեին մասնակցած բոլոր արվեստագետներին:
«Մենք ունեցանք կենսական 5 էլեմենտը՝ հող, ջուրը, կրակ, օդ, իսկ արտիստներն այս էլեմենտը լրացնողն ու մի մասնիկն են: Ես ունեի շատ կապեր սփյուռքի մշակույթի ոլորտում և արվեստների հայ խորհրդի հետ, և այս ամենի մեկնարկը տրվեց Վենետիկից: 2015 թվականին Վենետիկի 56-րդ բիենալեում համադրվել էր հայկական տաղավարը, որը և այդ տարի արժանացավ բիենալեի գլխավոր՝ «Ոսկե առյուծ» մրցանակին՝ 120 երկրների մեջ, որն այս պահին նախագահի նստավայրում է»,- ընդգծեց Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրստենբերգը:
Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկա Գասերն էլ հավելեց, թե դեսպանատան համար շատ կարևոր էր փորձի փոխանակումը, հատկապես այն առումով, որ սա մեծ մոտիվացիա է, որ հնարավորինս շատ արտիստներ հրավիրվեն։ «Զարմանալի է տեսնել, թե այդ արտիստներն ինչ հիացմունքով են ՀՀ-ն տեսնում և հարստացած հոգով են հետ գնում ՀՀ-ից: Մենք դարձանք այս մեծ ճամփորդության մի մասը»,-նշեց Լուկաս Գասերը, ով նաև շնորհակալություն հայտնեց իր թիմին:
Եթե Կատալոգը 2017 թ. hուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում տրիենալեի շրջանակներում կայացած ցուցահանդեսների հանրագումարն է, ապա «Անալոգ լեռը» ժամանակակից արվեստի փորձառություն գիրքը՝ տրիենալեի հայեցակարգի և տեսական հիմքերի մասին է:
Սա զրույց է մի ճամփորդության մասին, որը տրենալեի գլխավոր համադրող՝ Ադելինա Ջուբերյան Ֆոն Ֆյուրստենբերգին և մասնակից արվեստագետներին բերեց Հայաստան՝ հնարավորություն տալով նրանց բացահայտելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, ստեղծելու ինտերակտիվ հարաբերություններ՝ տարբեր կրթություն ու ավանդույթներ ունեցող արվեստագետների միջև:
2017 թ. hուլիս-դեկտեմբեր ամիսներին «Արվեստների հայկական խորհուրդը» ՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Արվեստ` հանուն աշխարհի» կազմակերպության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, «Հասրաթյան» կենտրոնի, «Արվեստ Հայաստան», «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամների և այլ մասնավոր գործընկերների և աջակիցների հետ համագործակցությամբ, կազմակերպեց «Ստանդարտ 2017» ժամանակակից արվեստի առաջին միջազգային տրիենալեն:
«Ստանդարտ 2017»-ի խորագիրն էր «Անալոգ լեռը»՝ ոգեշնչված ֆրանսիացի սյուրռեալիստ գրող և բանաստեղծ Ռենե Դոմալի (1908-1944) համանուն անավարտ վեպից:
Ժամանակակից արվեստի տրիենալեի «Ստանդարտ» անվանումը նախատիպ ունի՝ 1924թ. Եղիշե Չարենցի, ճարտարապետներ Կարո Հալաբյանի, Միքայել Մազմանյանի՝ Մոսկվայում հրատարակած STANDARD ամսագրից, որը, լինելով հայ իրականության մեջ առաջին ավանգարդ ամսագիրը, մատնանշում է ինչպես Հայաստանի հարուստ մշակութային և պատմական կոնտեքստը, այնպես էլ կապը ավանգարդ արվեստի հայկական ակունքների հետ:
















