Թեղուտ գյուղում մոտ 30 հոգի ծեծի է ենթարկել «Դիլիջան ազգային պարկը» հսկող կամավորներից 3-ին. «Բնապահպանի տուն» նախաձեռնություն
Թեղուտ գյուղում մոտ 30 հոգի հավաքվել ու ծեծի է ենթարկել «Դիլիջան ազգային պարկը» հսկող կամավորներից 3-ին. այս մասին տեղեկանում ենք «Բնապահպանի տուն» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
«Բոլորին էլ պարզ է, որ իրական պատճառն այն է, որ տղերքն ուղղակի չեն թողնում անտառները կտրել ու վաճառել»,-գրել են նրանք և նաև տեղեկացրել, որ դիմել են ոստիկանություն:
Նախաձեռնության անդամները գրում են, թե տեղացիները որպես պատճառ նշել են, որ տղաները տատիկի են ծեծել: «Մեր տղերքը իսկի ծառ չեն կտրում, ուր մնաց 90 տարեկան տատի ծեծեն»,-գրել է նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը:
Կամավորները նշում են, թե տարիներ շարունակ Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակչության մի հսկայական զանգված կաշառք է տվել, ապօրինի անտառ է ոչնչացրել ու հիմա էլ չեն ուզում հասկանալ, որ բնությունը վերացնելով՝ երկիրն են վերացնում:
Այնուհետև ֆեյսբուքյան էջում նշել են. «Որոշ ժամանակ առաջ Տավուշի մարզի հայտնի տղերքից մեկը զանգել ու սպառնում էր, թե տեսեք՝ ինչպես եմ ժողովրդին ձեր դեմ հանելու Հենց հիմա հավաքվում են, որ գնան քաղաքապետարանի դիմաց ցույց անեն: Մարդիկ բառացի ասում են, որ թողնենք անտառ փրթեն:
Հենց այդ նույն գյուղերում կան մարդիկ, որոնք կողքից՝ գլուխները կախ ու տխուր նայում են, թե իրանց հարևաններն ինչ են անում և չգիտեն, թե ինչպես փոխեն գյուղի մտածելակերպը: Մարդիկ ցավում են իրավիճակի համար, բայց վախենում են արտահայտվել, որ չծեծվեն գյուղի մեջտեղում: Իրանք դեռ այնտեղ պիտի ապրեն»:










