ՀԴԲ ղեկավարն ակնարկել է, որ պատրաստ էր լքել պաշտոնը Ռուսաստանի մասին Թրամփի խոսքերի պատճառով
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քրիստոֆեր Ռեյն ակնարկել է, որ վերջերս սպառնում էր աշխատանքից ազատման դիմում ներկայացնել ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին մեկնաբանությունների առնչությամբ: Այդ մասին նա ասել է NBC-ին տված հարցազրույցում:
Ռեյի խոսքով՝ նրա կարծիքը, ինչպես և ամերիկյան հանրության կարծիքը 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին, չի փոխվել:
Իսկ ուղիղ հարցին, թե արդյոք սպառնացել է լքել պաշտոնը, նա խուսափել է պատասխանել:
«Ես քիչ երևացող, ստվերում մնացող մարդ եմ, բայց դա չպետք է ուրիշ բանի հետ շփոթել: Ես կսահմանափակվեմ այսքանով»,- ասել է Ռեյը:
Հիշեցնենք, որ Թրամփը Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել էր. «Ես հավատում եմ Պուտինի խոսքերին։ Նրանք պատճառ չունեին միջամտելու»։ Սակայն այդ հանդիպումից օրեր անց նա ասել է, որ Ռուսաստանն իրոք միջամտել է 2016թ. նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին և որ միջամտության համար պետք է պատասխանատվություն կրի իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինը, քանի որ նա է Ռուսաստանի ղեկավարը:










