Նիդեռլանդներն ու Թուրքիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները
Նիդեռլանդներն ու Թուրքիան պայմանավորվել են կարգավորել դիվանագիտական հարաբերությունները: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը:
Ինչպես նշվում է հայտարարությունում, որոշումը ձեռք է բերվել հեռախոսով Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի և նրա հոլանդացի գործընկեր Ստեֆ Բլոկի միջև:
«Նախարարները հեռախոսային բանակցությունների ընթացքում պայմանավորվել են կարգավորել Նիդեռլանդների և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները: Այդ առնչությամբ նախարարները պայմանավորվել են շուտափույթ վերականգնել Անկարայում և Հաագայում դեսպաններին»,- հայտնել են նախարարությունում:
Չավուշօղլուն նաև նշել է, որ իր հոլանդացի գործընկերը մոտ ժամանակներս այցելելու է Թուրքիա՝ հավելելով, որ դեսպանների նշանակումը տեղի կունենա մինչև այցը:
Անցած տարվա սկզբին Նիդեռլանդները հրաժարվել է վիզաներ տրամադրել թուրք պաշտոնյաներին, որոնք ցանկանում էին քարոզչություն անցկացնել երկրում բնակվող թուրքերի շրջանում 2017 թվականի մարտին Թուրքիայում կանայալիք սահմանադրական հանրաքվեից առաջ:
Թուրքիայի իշխանություններն իրենց հերթին արգելել են երկիր Նիդեռլանդների դեսպանի մուտքը: Ի պատասխան Նիդեռլանդների իշխանությունները հրաժարվել են երկրում Թուրքիայի նոր դեսպան նշանակել: Ավելի ուշ Նիդեռլանդները պաշտոնապես հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին:










