Օբաման Ռուսաստանի հետ հարաբերություններում իրեն պահել է «թուլամորթի» պես. Թրամփ

12:26 • 20.07.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ այդ պաշտոնում իրեն նախորդած Բարաք Օբաման Ռուսաստանի հետ հարաբերություններում իրեն պահել է «թուլամորթի» պես։ Այդ մասին Թրամփն ասել է CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նայե՛ք այն պատժամիջոցներին, որ ես սահմանեցի, նայե՛ք այն ռուս դիվանագետներին, որոնց ես դուրս նետեցի և այն ամենին, ինչ ես արել եմ։ Ոչ ոք չի արել այն, ինչ ես», - ասել է Թրամփը՝ շեշտելով, որ Օբաման նման կոշտ քաղաքականություն չի կարողացել վարել ՌԴ-ի դեմ։

«Օբաման չարեց դա։ Նա իսկական թուլամորթ էր։ Տեսեք այն հայտարարությանը, որ նա արել էր՝ մտածելով, թե բարձրախոսն անջատված է, ինչ հիմար հայտարարություն է նա արել։ Ոչ ոք դրան նշանակություն չտվեց», - հիշեցրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նկատի է ունեցել Օբամայի՝ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանն արած հայտարարությունը։ Օբաման, որն այդ շրջանում հավակնում էր ևս մեկ անգամ նախագահի պաշտոնում վերընտրվելուն և վստահ էր իր սպասվող հաղթանակի հարցում, նշել էր, որ «ընտրություններից հետո ավելի մեծ ճկունություն» կունենա Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Օբաման վստահ էր, որ այդ հայտարարությունը ոչ ոք չի լսում, մինչդեռ պարզվել է, որ բարձրախոսը միացված էր մնացել։