Ուկրաինան երկիր չէ, ասել է Պուտինը Բուշին, իսկ ի՞նչ է նա ասել Թրամփին Չեռնոգորիայի մասին. The Washington Post
ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Դենիել Բաերը The Washington Post-ի համար մեկնաբանել է Fox News-ին Դոնալդ Թրամփի տված հարցազրույցը, որի ժամանակ նա Մոնտենեգրոն (Չեռնոգորիա) անվանել է ագրեսիվ երկիր և ենթադրել է, որ այն պաշտպանելու պարտավորությունները կարող են ԱՄՆ-ն ներքաշել Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ: Հոդվածի հեղինակը կարծում է, որ այդ դեպքը հետաքրքիր է նրանով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ցանկանալով խախտել ՆԱՏՕ-ի համերաշխությունը, կարող է սկսել հենց Մոնտենեգրոյից:
«2008 թվականին Պուտինը զարմացած Ջորջ Բուշին ասել էր, որ Ուկրաինան երկիր չէ: Երկուշաբթի դեմառդեմ հանդիպման ժամանակ Պուտինն այս կամ այն կերպ Թրամփին ասե՞լ է, որ «ագրեսիվ» Մոնտենեգրոն չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ»,- գրել է Բայերը:
ՆԱՏՕ Մոնտենեգրոյի հրավերին նախորդած ամիսներին ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչներն ավելի ու ավելի ակտիվ էին արտահայտում իրենց կարծիքն այդ երկրի վերաբերյալ, կարծում է Բայերը: Նրանք փորձել են ՆԱՏՕ-ի անդամներին տրամադրել այդ մտահղացման դեմ՝ խոսելով քաղաքական տարաձայնությունների և անկարգությունների մասին և ներկայացնելով անհանգիստ երկրի պատկեր:
ՆԱՏՕ երկիրը հրավիրելուն հաջորդած ամիսներին Ռուսաստանը շարունակել է Մոնտենեգրոյի ճանապարհը փակելու իր փորձերը՝ ներքին տարաձայնություններ հրահրելով, վճարված բողոքի ակցիաներով և անգամ՝ հեղաշրջման փորձով:
Պուտինը ցանկանում է հնարավորություն ունենալ ապակայունացնել Մոնտենեգրոն, գրում է հեղինակը՝ նշելով, որ նա դա ցանկանում է անել երկիրն ավելի խոշոր խաղի շրջանակում որպես խաղաքարտ օգտագործելու նպատակով:
«Նա ցանկանում է, որ Եվրոպայի հարավ-արևելքը լինի վայր, որտեղ նա կարող է անկարգություններ հրահրել, ուժեղացնել լարվածությունը և շեղել Եվրոպայի ուշադրությունն ու ռեսուրսները: Նա նաև ցանկանում է խախտել միջազգային համակարգի կանոնները՝ ցույց տալով, որ մենք չունենք կամք դրանց պահպանումն ապահովելու համար: Պուտինը ձգտում է բազմիցս փորձարկել միջազգային համայնքի վճռականությունը, և ամեն անգամ ավելի մեծ մասշտաբով։ Ռուսաստանը խախտել է Մոլդովայի, Վրաստանի, այնուհետ Ուկրաինայի ինքնիշխանությունը: Հնարավոր է՝ հաջորդ թիրախը ՆԱՏՕ-ի երկիրն է»,- գրում է հեղինակը:










