Հունաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը կնվազի
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ստեղծված որոշակի լարվածությունը կնվազի ու հույս հայտնել, որ բոլոր խնդիրները կլուծվեն ընկերական ճանապարհով, գրում է РИА Новости գործակալությունը։
«Մեր երկիրը կարևոր ուղերձ է հղել Արևմուտք և Արևելք․ բոլոր մեր ընկերներին ու ոչ ընկերներին։ Մենք ցույց ենք տվել, որ բոլոր նրանք, ովքեր կխախտեն ինքնիշխանության սկզբունքն ու հարգանքը մեր հանդեպ՝ նրանց հանդեպ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն», - ասել է հույն նախարարը։
Հիշեցնենք, որ Հունաստանի իշխանությունները երկրից արտաքսել են 2 ռուս դիվանագետի՝ երկրի ներքին գործերին միջամտելու, ազգային անվտանգության դեմ հակաիրավական գործողություններ կատարելու համար:
Աթենքի՝ դիվանագետների դեմ ներկայացրած մեղադրանքները վերաբերում են «տեղեկության հավաքման ու տարածման փորձերին, պետական չինովնիկների կաշառմանը»:
Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հունաստանի այս քայլը, նշել էր, որ դա կարող է լինել երրորդ երկրի միջամտության արդյունք, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից ուղղորդված քայլ։
Դրան ի պատասխան Հունաստանի ԱԳՆ-ն կոշտ կերպով արձագանքել էր այդ հայտարարությանն ու կոչ արել ՌԴ-ին հարգել Հունաստանի ինքնիշխանությունը։










