Նեթանյահուն սպառնացել է «յոթ անգամ ուժեղ» հարված հասցնել ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ

21:58 • 22.07.18

Իսրայելը պատրաստ է անհրաժեշտության դեպքում յոթ անգամ ավելի ուժեղ հարված հասցնել Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման դիրքերի ուղղությամբ: РИА Новости-ի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: 

Ինչպես նշվում է, ռազմական ուժով, տնտեսական պատժամիջոցներով և նոր լայնամասշտաբ գործողությունների անցկացման սպառնալիքով Իսրայելը ցանկանում է հասնել սահմանամերձ շրջանում կրակահերթերի, անկարգությունների և այրվող նյութերով փուչիկների բացթողման դադարեցմանը: 

«Հանգստյան օրերին մենք հզոր հարված ենք հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերին: Եթե պահանջվի՝ մենք կգրոհենք յոթ անգամ ավելի մեծ ուժով», - ասել է Նեթանյահուն: 

Ուրբաթ իսրայելցիները պաղեստինցի գրոհայինների շուրջ 70 կառույց են ռմբակոծել՝ ի պատասխան սահմանում դիպուկահարի կրակոցի հետևանքով զինծառայողի մահվան: Մի քանի ժամ տևած գրոհից հետո Եգիպտոսի միջնորդությամբ հրադադարի համաձայնեցման մասին հաղորդում է ստացվել:  

Երուսաղեմում բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ հրադադարի մասին խնդրանքով հանդես է եկել ՀԱՄԱՍ-ը, որը համաձայնել իսրայելական պահանջներին։