Էրբիլի նահանգապետը մեկնաբանել է նահանգապետարանի շենքի վրա իրականացված զինված հարձակումը

15:53 • 23.07.18

Իրաքյան Քրդստանի Էրբիլի նահանգի նահանգապետ Նևզադ Հադին մեկնաբանել է այսօր նահանգապետարանի շենքի վրա իրականացված ահաբեկչական հարձակումը։

Ինչպես փոխանցում է քրդական Rudaw գործակալությունը, Հադին նշել է, որ հարձակումն իրականացրել է 3 գրոհային։ Նահանգապետի խոսքով՝ երեք ահաբեկիչներն էլ սպանվել են։ Նրանց վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, ևս չորսը ծանր մարմնական վնասվածքներ են ստացել։

Նահանգապետը հավաստիացրել է, որ ներկայում իրավիճակն իրենց վերահսկողության տակ է։ Հադին նշել է, որ ահաբեկիչների անունները կհրապարակվեն հետաքննությունից հետո։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք հարձակումը կապ ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, Հադին չի բացառել այդ տարբերակը։