Գոնե ինձ համար պարզ է, որ ավագանու ընտրություններին ցուցակի առաջին դեմքը պետք է լինի ՔՊ-ից. Լենա Նազարյան
«Ելք» Խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք Ճի՞շտ է, թե վերջնական որոշում կա, որ «Ելք» դաշինքի կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու են առանձին-առանձին, ՔՊ-ն առանձին, ԼՀ-ն ու «Հանրապետությունը»՝ «Ելք» անվան տակ, Լենա Նազարյանը հերքեց: Նրա խոսքով՝ այդ մասին դեռ վերջնական որոշում չկա:
-Տիկի´ն Նազարյան, ճի՞շտ են տեղեկությունները, որ «Ելք» դաշինքի 3 կուսակցությունները համաձայնության չեն եկել և որոշվել է, որ ՔՊ-ն առանձին է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, ԼՀ և «Հանրապետություն» կուսակցությունները՝ առանձին: Ըստ որում՝ վերջինները՝ «Ելք» անվանման ներքո: Իսկ ՔՊ-ն էլ այսօր վարչության նիստով պետք է որոշի՝ ով է լինելու քաղաքապետի իր թեկնածուն:
-Ոչ, ընտրություններին առանձին-առանձին մասնակցելու որոշումը վերջնական չէ: Եվ մենք այսօր վարչության նիստ չունենք, որ քվեարկություն անենք: Վաղն ունենք: Բայց չեմ կարծում, որ վաղը կլինի քվեարկություն, որովհետև դեռ ժամանակ կա:
-Քաղաքապետի թեկնածուն որոշվելու է քվեարկությա՞մբ:
-Այո: Դեռևս մեզ մոտ առաջադրված է 4 թեկնածու, բայց այս հնարավորությունը բաց է կուսակցության այլ անդամների ու ոչ կուսակցականների համար, և հնարավոր է, որ վաղը քվեարկություն լինի:
-Քաղաքապետի թեկնածուներն ովքե՞ր են, Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, մյուսնե՞րը:
- Եվ Զարուհի Բաթոյանն ու Սրբուհի Ղազարյանը:
-Իսկ կանոնակարգն ի՞նչ է նախատեսում, եթե ձայները կիսվեն, ապա ինչպե՞ս է որոշվելու թեկնածուի հարցը:
-Վարչության նախագահի՝ Սասուն Միքայելյանի ձայնն այդ դեպքում որոշիչ է լինում, այդպես է մեր կանոնակարգով:
-Իսկ ի՞նչն է խնդիրը, որ չեք կարողանում դաշինքի ներսում ձեր գործընկերների հետ համաձայնության գալ: Կա՞ն ինչ-որ նախապայմաններ, որ, օրինակ՝ ցուցակի 1-ին համարն իրենց կուսակցությունից լինի:
-Ճիշտն ասած, դեռևս Ազգային ժողովի ընտրությունների հարցի շուրջ էինք սկսել դաշինքի մյուս կուսակցությունների հետ քննարկումներ անել: Այսինքն՝ Տարոն Մարգարյանի հրաժարականը մենք չէինք կանխատեսել և հիմա, փաստորեն, ստիպված ենք անդրադառնալու նաև առաջիկա ընտրություններին միասնական կամ առանձին գնալու հարցին: Մենք բավականին երկար ժամանակ ենք քննարկում, և անընդհատ ստիպված եմ լինում ընտրողներին պատասխանել, որ որոշում չունենք, բայց հիմա այդ ժամկետով պայմանավորված՝ պետք է ավելի արագացնենք:
-Ամեն դեպքում, ԼՀ-ն ու «Հանրապեությունը» պնդո՞ւմ են, որ առաջին համարը լինի իրենց ներկայացուցիչը:
-Նման պնդում չկա, համենայնդեպս, ես այդ մասին տեղեկություն չունեմ: Այս շաբաթ նորություններ կունենանք, բայց նման պնդում նախկինում չի եղել, և կարծում եմ՝ չի էլ լինի, որովհետև պարզ է, որ առաջին դեմքը պետք է լինի «Քաղաքացիական պայմանագրից»՝ իմ կարծիքով:
-Իսկ նորմա՞լ եք համարում, որ դաշինքի կուսակցությունները մրցակիցներ լինեն:
-Մենք դաշինք ենք, հո մի կուսակցություն չե՞նք:
-Բոլորն արձանագրում են, որ Նիկոլ Փաշինյանի թիմը շատ բարձր վարկանիշ ունի, ՔՊ-ն, ամեն դեպքում, անցկացրե՞լ է սոցհարցումներ:
-Չէ, անցած շաբաթ կուսակցության ժողովներից մեկի ժամանակ եղավ առաջարկ՝ սոցհարցում անցկացնելու կուսակցության ներսում:
-Ի՞նչ տրամադրություններ կան, դաշինքում 4 թեկնածուներից ո՞ւմ են ուզում տեսնել քաղաքապետ:
-Հստակ չեմ կարող ասել:
-Իսկ Ձեզ հայտնի՞ է ընտրությունների օրը:
-Ես լսել եմ 2 ժամկետ և կարող եմ ասել՝ սեպտեմբերի վերջ:










