Թրամփը կրկին կեղծիք է անվանել ընտրություններին Ռուսաստանի «միջամտության» մասին պատմությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն անցած շաբաթվա ընթացքում բազմիցս համաձայնել էր 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանին վերագրվող միջամտության մասին ամերիկյան հետախուզական ծառայությունների եզրակացությունների հետ, կրկին կեղծիք է անվանել այս պատմությունը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Ստացվում է, նախագահ (Բարաք) Օբաման գիտեր Ռուսաստանի (միջամտության) մասին դեռ ընտրություններից առաջ: Ինչո՞ւ նա դրա հետ ոչինչ չարեց: Ինչո՞ւ նա այդ մասին չպատմեց մեր արշավին: Որովհետև, դա մեծ սուտ է, ահա թե ինչու, նաև այն պատճառով, որ նա կարծում էր, թե կհաղթի խարդախ Հիլարին»,- գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը հուլիսի 16-ին Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որն իրարանցում է առաջացրել ԱՄՆ-ում:
«Իմ ենթակաները՝ Դեն Քոութսը և այլք, հայտարարել են, որ նրանց կարծիքով՝ Ռուսաստանն է միջամտել: Նախագահ Պուտինը նոր ասաց, որ դա Ռուսաստանը չի եղել: Հետևյալը կասեմ՝ ոչ մի պատճառ չեմ տեսնում, որ դա Ռուսաստանը լիներ»,- ասել է նա:
Մեկ օր անց Վաշինգտոնում մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն, Թրամփը հրաժարվել է իր խոսքերից՝ պարզաբանելով, որ իր խոսքերից դուրս է մնացել ժխտական մասնիկը:
«Առանցքային նախադասության մեջ ես ասել եմ «լիներ»՝ «չլիներ»-ի փոխարեն»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նրա խոսքով՝ նախադասությունը պետք է հետևյալ կերպ հնչեր. «Չեմ տեսնում ոչ մի պատճառ, որ դա Ռուսաստանը չլիներ»:










