Նիկոլ Փաշինյանի նկարն աշխատասենյակի պատից հանել եմ, մեր տանն եմ դրել. Արևշատի գյուղապետ
Նիկոլ Փաշինյանի նկարն իմ աշխատասենյակի պատից հանել եմ, ավելի երևացող տեղ եմ դրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Արևշատ համայնքի ղեկավար Սայադ Խաչատրյանը:
«Ինչի՞ եք սենսացիա սարքել, ի՞նչ կար դրա մեջ»,-նշեց գյուղապետը:
Հարցին, թե նկարը հիմա գյուղապետարանում, թե այլ վայրում է փակցրել Սայադ Խաչատրյանը նախ պատասխանեց. «Տուն եմ տարել», ապա ասաց, որ ժողովուրդն անկեղծ սիրում է Նիկոլ Փաշինյանին, և բոլորն արտահայտում են իրենց սերը, այդ թվում ինքը:
Գյուղապետն ասաց, որ նկարը հեռացրել է աշխատասենյակի պատից ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի հետ զրույցից հետո:
Հիշեցնենք, որ Վահան Կոստանյանը ֆեսյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ համայնքի ղեկավարի հետ խոսել է, խնդրել է, որպեսզի հեռացնի վարչապետի նկարն իր աշխատասենյակի պատից:
«Մեր քաղաքական թիմի համար անընդունելի են հին Հայաստանում գործած արատավոր ավանդույթները։ ՀՀ պաշտոնյաների աշխատասենյակներում պատից կարող է կախված լինել միայն ՀՀ զինանշանը»,-գրել էր նա:
Վարչապետի խոսնակ Արման Եղոյանն էլ, անդրադառնալով այս հարցին, ասել էր , որ շատ վատ է վարչապետը վերաբերում դրան:
Հիշեցնենք, որ hayastan24-com-ում տեղեկատվություն էր հայտնվել, որ Շիրակի մարզի Արևշատ համայնքի ղեկավար Սայադ Խաչատրյանը ՀՀ երրորդ նախագահ, պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի լուսանկարը փոխարինել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարով:
Լուսանկարը՝ hayastan24.com-ի










