Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում. ՏԿՏՏ փոխնախարարը մեկնել է մարզ
Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
«Արմավիրի քաղաքապետի ժ/պ Դավիթ Խուդաթյանն առավոտյան տեղեկացրեց, որ Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում և քաղաքացիները ստիպված տաքսիներով են գալիս Երևան»,- գրված է փոխնախարարի գրառման մեջ:
Խնդիրը տեղում հասկանալու և լուծում տալու համար, ինչպես նշել է Արմեն Փամբուխչյանը, մեկնում է Արմավիր քաղաք:
Ըստ նախնական տվյալների՝ վարորդները բողոքում են գծատերերի՝ օրվա պլանի բարձրացումից։ Այս պահին Արմավիր-Երևան երթուղին սպասարկող գազելներով ուղևորափոխադրում չի իրականացվում։










