Իսպանիայում կենդանիների ազատության համար պայքարող ակտիվիստներն ընդհատել են դելֆինների շոուն (լուսանկարներ, տեսանյութ)
Կենդանիների ազատության համար պայքարող ակտիվիստների խումբը ներխուժել է իսպանական Տեներիֆե կղզում անցկացվող դելֆինների շոու և ընդհատել այն, գրում է Daily Mail-ը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարներ։
Լուսանկարներում երևում է, թե ինչպես են կենդանիների ստրկության դեմ պայքարող Vegan Strike Group միջազգային կազմակերպության անդամները լողում ավազանում՝ կենդանիների զբոսայգու փակման կոչերով պաստառներ պարզած։
Կենտրոնի աշխատակիցներն այդ ընթացքում հանգստացնում են դելֆիններին, որոնք շոուի համար ջրում էին գտնվում։
Կենտրոնի անվտանգության աշխատակիցները նետվել են ավազանը և դուրս հանել ակտիվիստներին տարածքից։
Խումբն ակցիայից հետո հայտարարել է, որ խմբի հիմնադրումից ի վեր դա 14-րդ անգամն էր, որ նրանք գործողություն են իրականացրել դելֆինների փրկության համար։ Նրանք նշել են, որ չնայած ստիպված էին ծովային կենդանիներին թողնել քլորով լցված ջրի մեջ, սակայն ընդհանուր առմամբ իրենք գոհ են ակցիայից։ Նրանք հավելել են նաև, որ խմբի անդամները ոստիկանություն չեն տարվել և չեն տուգանվել։
















