Համացանցում է հայտնվել Ֆլորիդայում տեղի ունեցած հրաձգության տեսանյութը

06:06 • 27.08.18

Համացանցում է հայտնվել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության տեսանյութը, գրում է РИА Новости-ն:

Կիբերսպորտի մրցաշարի ուղիղ հեռարձակման կադրերում երևում է խաղի ընթացքն ու մրցաշարի մասնակիցներից երկուսը: Խաղի ընթացքում մեկնաբանի խոսքն ընդհատվում է կրակոցների ձայնով, որից հետո հեռարձակումն ընդհատվում է, սակայն շարունակում են լսվել ականատեսների ու տուժածների բղավոցները և կրակոցների ձայները:

Ականատեսների խոսքով՝ մրցաշարի մասնակիցների ուղղությամբ կրակ բացած անձը նույնպես մասնակցում էր մրցաշարին, սակայն պարտություն էր կրել: Շերիֆ Մայք Ուիլյամսի հաղորդմամբ՝ հանցագործը 24-ամյա Դևիդ Կացն է, ով պարտվելուց հետո կրակ է բացել ներկաների ուղղությամբ, այնուհետև ինքնասպանություն գործել:

Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի Jacksonville Landing զվարճանքների համալիրում, որտեղ կիբերսպորտի մրցումներ էին անցկացվում:

Ոստիկանության վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ՝ այդ թվում նաև կասկածյալը, ով ինքնասպանություն է գործել: Եվս 11-ը վնասվածքներ են ստացել: