Զբոսաշրջիկների շրջանում հայտնի հունական Իդրա կղզին առանց ջրի ու էլեկտրականության է մնացել

12:37 • 27.08.18

Զբոսաշրջիկների շրջանում մեծ մասսայականություն վայելող հունական Իդրա կղզին հայտնվել է անելանելի իրավիճակում․ ավելի քան մեկ օր է, ինչ կղզին մնացել է առանց խմելու ջրի ու էլեկտրականության։

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Ատտիկեի նահանգապետ Ռենա Դուրուն կոչ է արել Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությանն արտակարգ իրավիճակ սահմանել կղզու տարածքում։

Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցի օպերատոր DEDDIE ընկերությունը հայտնել է, որ փորձում է պարզել ստեղծված իրավիճակի պատճառը՝ համապատասխան ստուգումներ իրականացնելով ամբողջ էլեկտրացանցում։

Ընկերությունը, սակայն, ընդգծել է, որ կղզում աշխատելը բավականին բարդ է, քանի որ այնտեղ արգելված է ավտոմեքենաների օգտագործումը։

Իդրա կղզին, ուր ժամանում են զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից, գտնվում է մայրաքաղաք Աթենքից ոչ հեռու՝ Սարոնիկի ծովածոցում, որը խոշորագույնն է Էգեյան ծովում։