Իրանը կարող է օգնել Սիրիային սպառազինությունների մշակման հարցում. երկու երկրները ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

15:02 • 27.08.18

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ամիր Հաթամին և իր սիրիացի գործընկեր Ալի Աբդալլահ Այուբը երկու երկրների միջև ռազմական ու տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, տեղեկացնում է Tasnim գործակալությունը։

Հաթամին Սիրիա է ժամանել երկօրյա այցով, այստեղ նա հայտարարել է, որ իր այցի գլխավոր նպատակն է Սիրիայի վերականգնման հարցերով համագործակցության զարգացումը։

Իրանցի նախարարը նշել է, որ Իրանը կարող է օգնել Սիրիային սպառազինությունների մշակման հարցում։

Սիրիայի պաշտպանության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հաթամիին ահաբեկիչների դեմ պայքարի շրջանակում իրանցի ռազմական խորհրդականների՝ Դամասկոսին ցուցաբերած օգնության համար։

Նշվում է, որ ըստ կնքված համաձայնագրի՝ կողմերը պետք է ուժեղացնեն ռազմական ոլորտում համագործակցությունը։