Ակնհայտ է, որ քրոջս դեմ հարուցած քրեական գործն առնչվում է ինձ` որպես ԱԺ պատգամավորի, այս շինծու մեղադրանքն անպատասխան չի մնա. Ս. Ֆարմանյան (տեսանյութեր)
Ազգային ժողովի արտահերթ նիստին վարման կարգով խոսեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով անդրադարձավ իր քրոջ՝ Շիրակի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցված քրեական գործին:
«Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործն առնչվում է ինձ, որպես Ազգային ժողովի պատգամավոր, և իմ քաղաքական գործունեությանը: Սա քաղաքական հետապնդման դասական օրինակ է: Անահիտ Ֆարմանյանի կողմից ներկայացվել է այն, ինչ իրականություն է: Իր փաստաբանների կողմից համապարփակ տեղեկատվություն է ներկայացվել, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ խորհրդային տարիների իրավապահ համակարգի լավագույն ավանդույթներով փնթի, անհիմն, շինծու գործ է թխվել, քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումներով առաջադրվել է մեղադրանք և կալանավորման որոշում կայացվել և հայտարարվել հետախուզում:
Ինչպես խոստացել եմ, ես ապագայում հրապարակայնորեն կանդրադառնամ այս ամենին: Այժմ ուզում եմ արձանագրել, որ նման հետապնդումը գրված և չգրված օրենքների կոպտագույն, ճղճիմ խախտում է, բարոյականության սահմաններից ու մարդկային պատշաճությունից էլ այն կողմ գտնվող արարք, որը չի կարող մնալ անպատասխան»:
Վարման կարգով արձագանքեց ՔՊ անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Քրեական գործեր որևիցե մեկի հանդեպ չեն հարուցվում առանց փաստերի, չի հարուցվում որևէ մեկի նախաձեռնությամբ, պետք է մեկընդմիշտ հաշվի առնել դա»,-ասաց նա:
Հիշեցենք, որ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է խարդախության մեջ: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումն ու հայտարարել հետախուզում:
Անահիտ Ֆարմանյանը հայտարարություն էր տարածել և հայտնել, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի պատճառը ազգանունն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը։
Անահիտ Ֆարմանյանի պաշտպաններն էլ հավաստիացրել են, որ նա չի խուսափում վարույթն իրականացնող մարմնից, նա գտնվում է ամենամյա արձակուրդում։ «Վարույթն իրականացնող մարմինը Անահիտ Ֆարմանյանի հետ կապի մեջ է եղել փաստաբանի միջոցով։ Անահիտ Ֆարմանյանը մինչև արձակուրդը չի հրավիրվել մասնակցելու դատավարական գործողությունների և չի ունեցել որևէ կարգավիճակ։ Ես անձամբ դեռևս հուլիսի 19-ին տեղեկացրել եմ քննիչին, որ պատրաստ ենք մասնակցել դատավարական գործընթացին»,–հայտարարել է Անահիտ Ֆարմանյանի պաշտպան Նարեկ Ալոյանը։










