Նոր կառավարությունն արտաքին քաղաքականության ոլորտում բովանդակային փոփոխության չգնաց, թեև ընդդիմադիր գործունեության ժամանակ կոշտ պահանջներ ուներ. Նարեկ Գալստյան

19:26 • 28.08.18

Հայաստանի իշխանությունները պաշտոնավարման 100 օրերի ընթացքում արտաքին քաղաքականության մեջ ճակատագրական թերություններ թույլ չեն տվել, բայց կա մեկ խնդիր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

«Խնդիրն այն է, որ նոր թիմն արտաքին քաղաքականության ոլորտում բովանդակային փոփոխության չգնաց, թեև ընդդիմադիր գործունեության ժամանակ կոշտ պահանջներ ունեին ԵԱՏՄ-ի, Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ կապված: Իշխանության գալով նրանք չգնացին կառուցվածքային փոփոխությունների»,- ասաց Նարեկ Գալստյանը:

Քաղաքագետի խոսքով՝ նոր իշխանությունները պահպանեցին արտաքին կառավարության պահպանման ձևավորված համակարգը: «Մեզ համար կարևոր է արտաքին քաղաքականության ոլորտում որոշակի հետևողականություն, ժառանգականություն ունենալ: Դա չի նշանակում՝ լճանալ, մնալ նույն ուղու վրա, դա նշանակում է պահպանել տրամաբանական կայունություն»,- նշեց Գալստյանը:

Նա ասաց, որ Հայաստանը պետք է հանդես գա պահանջկոտ, արժանապատիվ դիրքերից, պաշտպանի իր իրավունքները, որ արտաքին քաղաքական խաղացողները մեզ դիտարկեն որպես պահանջատեր երկիր:

«Եվրասիական, եվրոպական գործընկերները պիտի հիշեն Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ ստանձնած պարտականությունների կատարման գործում պետք է հետևողական լինեն, պետք է հստակեցնեն դիրքորոշումները Հայաստանի հետ կապված առանցքային հարցերում՝ պատերազմի վերսկսում, արցախյան հակամարտություն և այլն»,- մանրամասնեց Նարեկ Գալստյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանը շարունակում է մնալ փոքր ու խոցելի պետություն, որի արտաքին քաղաքական հավակնությունները աշխարհաքաղաքական փոփոխություններից են կախված:

«Մեր գործընկերները Հայաստանին լավ չեն ճանաչում: Չգիտեն, թե ինչ է տեղի ունենալու Հայաստանում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ձևավորվի նոր իշխանություն: Նրանք չգիտեն, թե այդ ժամանակ ինչ սկզբունքներ ու նպատակներ կհռչակի Հայաստանը: Եթե իմանային, կհասկանային, թե ինչպես շարունակել մեզ հետ հարաբերությունները»,- ասաց Նարեկ Գալստյանը:

Փորձագետն ասաց, որ Հայաստանն իրավունք չունի դուրս գալ ռեալ-պոլիտիկի շրջանակներից, դրա համար Փաշինյանն ու իր թիմը նախկին դիրքորոշմանը չմնացին:

«Ով էլ գա իշխանության, բախվելու է նույն արտաքին քաղաքական խնդիրներին: Դրանք մեզնից չեն կախված: Մեզնից կախված է այդ խնդիրներին դիմակայելու մեթոդների ընտրությունը»,- ասաց Գալստյանը: