Վերաբնակեցման ծրագիրը ռադիկալ փոփոխությունների պետք է ենթարկվի, իսկ ներքին միգրացիան ես չեմ համարում խնդրի լուծում. ԱՀ ԱԺ պատգամավորի թեկնածու
Սեպտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորների լրացուցիչ ընտրություններին թիվ 10 ընտրատարածքն ընդգրկող Քաշաթաղի և Շուշիի շրջանում ինքնաառաջադրված Մուշեղ Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մրցակցությունը գնահատում է աննախադեպ, և բոլոր նախապայմանները ստեղծված են, որ բոլոր թեկնածուները ռեալ շանսեր ունենան խորհրդարան անցնելու:
Նա նշեց, որ մեծամասնական ընտրակարգի պարագայում, ընդհանուր առմամբ նախընտրական ծրագիր որպես այդպիսին չի լինում, և ինքը առանձնացրել է մի քանի կարևորագույն դրույթներ, որոնք ընտրվելու պարագայում իր ուշադրության կենտրոնում է պահելու: «Այս ընտրությունների պարագայում, ով էլ որ ընտրվի, ընդամենը իր լիազորությունների սահմանում գործելու է մոտավորապես տարի ու կես ժամկետում, և ամպագոռգոռ կամ ոսկե սարեր խոստանալը հայրենակիցներին սխալ է, այդ պատճառով ես փորձել եմ մաքսիմալ առանձնացնել այն կետերը, որոնց իրագործումը ռեալ է այդ ընթացքում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Արցախի թիվ 10 և 11 ընտրատարածքներում տեղի են ունենալու Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորների լրացուցիչ ընտրություններ: Թիվ 10 ընտրատարածքը Քաշաթաղի և Շուշիի շրջանն է, 11-րդ ընտրատարածքը Քարվաճառի, մասամբ Մարտակերտի ու Ասկերանի ընտրատարածքն է: Հիշեցնենք նաև, որ ԱՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ Լեռնիկ Հովհաննիսյանը, Արմո Ծատրյանը և Արսեն Առստամյանը հրաժարվել էին պատգամավորական մանդատից:
Այսպիսով, Մուշեղ Ալավերդյանը կարևորեց երիտասարդության, երիտասարդական, հասարակական կազմակերպությունների ակտիվացումը, մենաշնորհային կազմակերպությունների գործունեության զսպումն ու վերահսկողության իրականացումը օրենքով սահմանված կարգով, մանկավարժների սոցիալական կարգավիճակի խնդիրները: «Ես չեմ ասում, որ ընտրվելու պարագայում մանկավարժների աշխատավարձերը բարձրանալու են, դա միայն ինձանով չի որոշվելու, բայց այդ հարցը ուշադրության կենտրոնում եմ պահելու»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ խոստանում է, որ իր ընտրվելու դեպքում ամեն երկու ամիսը մեկ հանդիպելու է բնակիչների հետ, և իր նախընտրական շտաբը չի փակվելու, այլ վերածվելու է օպերատիվ շտաբի, ներկայացուցչության:
Անդրադառնալով վերաբնակեցման հարցին՝ թեկնածուն նկատեց, որ Քաշաթաղի հյուսիսային մասում լացակումած վիճակ է, մարդիկ արտագաղթում են, իսկ հարավային թեևում իրավիճակը փոքր-ինչ ավելի լավ է: «Ես այս գործընթացը դիտարկում եմ մի քիչ այլ հարթությունում, որ, ի վերջո, Արցախ, թե Հայաստան նույն ազգն է, և ՀՀ որևէ շրջանից Արցախ տեղափոխվածը, չեմ կարծում, համապատասխանում է վերաբնակեցման սկզբունքին: Գտնում եմ, որ վերաբնակեցման ծրագիրը ռադիկալ փոփոխությունների պետք է ենթարկվի, որպեսզի սփյուռքահայեր գան, իսկ ներքին միգրացիան ես չեմ համարում վերաբնակեցման խնդրի լուծում»,-ասաց նա:
Մ. Ալավերդյանը նշեց, որ որևէ խմբակցության չի պատրաստվում անդամակցել և ավելի շատ ընդդիմադիր հայացքներ ունի:










