Դեն Բիլզերյանը Արցախ է մեկնել Պաշտպանության նախարարության ուղղաթիռով. Ա. Հովհաննիսյան (տեսանյութ)

14:05 • 28.08.18

Երևան ժամանած «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը Արցախի Հանրապետություն է մեկնել Պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ուղղաթիռով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այո, մենք ենք տրամադրել՝ հատուկ ընթացակարգով»,- ասաց Հովհաննիսյանը:

Facebook սոցիալական ցանցում տեսանյութեր ու լուսանկարներ են տարածվել, որտեղ օգտատերերը գրում են, որ ուղղաթիռը, հավանաբար, կառավարական է, հենց այն ուղղաթիռն է, որով Արցախ էր մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Tert.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ասաց, որ վարչապետի ուղղաթիռը որևէ մեկին չի տրամադրվել:

Հիշեցնենք, որ  համացանցային աստղ, հանրահայտ «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն ու նրա եղբայրը՝ Ադամը, երեկ Հայաստանում մասնակցել են ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը և դիմել են իրենց առաջին հայկական անձնագիրը ստանալու համար: